Տնտեսական արդյունքը, որը գոյացել է այս տարվա մեր աշխատանքի շնորհիվ պետք է բաշխվի այնպես, որ ավելի խոցելի խավը կարողանա առնվազն չվատացնել իր կյանքի որակը, սակայն ոմանք նախընտրում են չաշխատել։ Այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով թափուր աշխատատեղերի առկայությունը Հայաստնաում։
Նա նշեց, որ ոմանք նախընտրում են բազմոցի վրա նստած օգնություն ստանալ արտերկրի բարեկամներից։
«Շատ բան կախված է հենց մարդկանցից։ Ես կարող եմ օրինակ բերել իմ նախկին բիզնեսից․ սովորաբար այն մարդիկ, ովքեր գործազուրկ են և որոշակի օգնություն են ստանում նաև իրենց բարեկամներից՝ դրսից, նախընտրում են այդ օգնությունը, քան թե աշխատելը»,- ասաց նախարարը։
Նա նշեց, որ աշխատելով նրանք կստանան նույն գումարը, դեռ մի բան էլ ավելին, սակայն դա կլինի ոչ թե օգնություն, այլ աշխատավարձ։ Շատերը նախընտրում են նույն գումարը ստանալ առանց աշխատելու։
«Այսօր այդ խնդիրը ևս հանդիսանում է լուրջ խոչընդոտ, որպեսզի մարդիկ գնան աշխատանքի»,- մեկնաբանեց Քերոբյանը 100 000 թափուր աշխատատեղի առկայության հարցը։ Միևնույն ժամանակ Քերոբյանը նշեց, որ տրասվերները հարկելու հարց օրակարգում դրված չէ։
Նշենք, որ ըստ Քերոբյանի հայտնած տվյալների՝ նոյեմբեր ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 113,8 տոկոս է, իսկ ամբողջ տարվա ահմար հունվարից նոյեմբեր ժամանակահատվածի համար 114,4 տոկոս է, ինչը Հայաստանի լավագույն ցուցանիշներից է։