Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ քննարկվել են ամենատարբեր հարցեր, հիմնականում անդրադարձ է կատարվել Կառավարության տարեկան հաշվետվության ու ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերները։
Վարչապետը երկու կարևոր ձեռքբերման մասին է հայտնել. «Առաջին թվարկումը, հիշատակումը, որ շատ կարևոր է ինձ համար, վերաբերում է առողջապահության ոլորտին: 2017 թվականի համեմատ՝ 2022 թվականի արդյունքներով մենք պետպատվերով առողջապահական ծառայությունների ծավալը կրկնապատիկից ավելացրել ենք, այսինքն՝ 125 տոկոս աճ ենք ունեցել 2017 թվականի համեմատ. 2017 թվականին քանի դեպք Հայաստանի Հանրապետության քաղաքացին սպասարկվել է պետպատվերով, 2022 թվականին այդ թիվը 125 տոկոսով աճել է, այսինքն՝ կրկնապատիկից ավելի աճ է ունեցել: Դա մեր քաղաքացիների առողջության հարցն է, ամենատարբեր դեպքերում, առիթներում: Աստված բոլորին առողջություն տա, բայց, իհարկե, կառավարությունն էլ Աստծուն պետք է այդ հարցում օգնի, որպեսզի առողջապահական հարցերը լուծվեն»,-հայտարարել է նա։
Մյուս ձեռքբերումն, ըստ Փաշինյանի, ազգային ավիափոխադրումների ոլորտում առկա հաջողություններն են. «2022 թվականի ընթացքում հայկական ավիաընկերությունները 900 000-ից ավելի ուղևորի փոխադրում են իրականացրել: Սա շատ կարևոր է, որովհետև մեր քաղաքական հանձնառությունն է եղել նաև, որ մենք պետք է հայաստանյան ավիաընկերություններ ունենանք, և ըստ էության՝ շուկայի շուրջ 25 տոկոսը հենց հայկական ավիաընկերություններն են: Սա շատ կարևոր է նաև հայրենադարձության իմաստով, որովհետև 2022 թվականի ընթացքում ավիացիայի ոլորտում շուրջ 200 աշխատատեղ է ստեղծվել, և շատ բարձրակարգ օդաչուներ՝ Հայաստանում ծնված, մեծացած, ովքեր Հայաստանում աշխատանք չեն ունեցել և միայն արձակուրդներին են եկել, հիմա աշխատում են Հայաստանում և նաև կարող են արձակուրդն անցկացնել Հայաստանում»,-նշել է վարչապետը։