Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շուրջ 80 ընկերությունների մասնակցությամբ կանցկացվի «TOON EXPO 2023» անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ և մասշտաբային ցուցահանդեսը։ «TOON EXPO 2023»-ին մասնակից միայն կառուցապատող ընկերությունները շուրջ 10-12-ն են։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում տեղեկացրեց «Big Projects» ընկերության հանրային կապերի պատասխանատու Դիանա Հարոյանը։
Նա ընդգծեց, որ ցուցահանդեսն արդեն երկրորդ անգամ է անցկացվում, նախորդ տարի միջոցառման արդյունքում ավելի քան 1000 բնակարան է վաճառվել։
««TOON EXPO 2022»-ի երեք օրերի ընթացքում ավելի քան 1000 բնակարանի վաճառքով 100 մլն դոլարի ընդհանուր շրջանառություն է գեներացվել»,- հայտնեց Հարոյանը։
Վերջինս նաև տեղեկացրեց, որ այս պահին ավելի քան 5000 գրանցում ունեն։ «Big Projects» թիմից հստակեցրել են, որ ցուցահանդեսին մասնակցության գրանցումը պարտադիր չէ, մուտքն ազատ է բոլորի համար։ Հարոյանի խոսքով՝ գրանցում հարկավոր է միայն խաղարկության կտրոն ստանալու և դրանց մասնակցելու համար։
Մեզ հայտնեցին, որ, ընդհանուր առմամբ, խաղարկվելու են ավելի քան 50 ծառայություններ։ Թե ի՞նչ են առաջարկում ընկերություններն ու կառուցապատողները, «Big Projects»-ի հանրային կապերի պատասխանատուն հավելեց․
«Մեծ մասը 5000 դոլար արժեքով վաուչերներ են այն մարդկանց համար, որոնք պատրաստվում են բնակարան ձեռք բերել տվյալ կառուցապատողից կամ տվյալ նախագծումից։ Բացի դրանից, խաղարկվելու է նաև ջեռուցման կաթսա, ինչպես նաև մեր ոլորտին առնչվող դիզայներական ծառայություններ, մարդիկ նախապես կտեղեկացվեն խաղարկվող ծառայությունների մասին»։
Նա հստակեցրեց, որ այն մարդիկ, ովքեր կգրանցվեն, խաղարկության կտրոն ստանալուց բացի ցուցահանդեսից 3 օր առաջ կստանան ցանկ, որտեղ ներկայացված կլինեն ընկերությունների հատուկ առաջարկներն ու դրանց մանրամասները։
Ցուցահանդեսը բաց կլինի ժամը 12:00-ից մինչև 20։00-ն։
Բացի կառուցապատող ընկերություններից, ցուցահանդեսի այցելուներն ու մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու այնպիսի ընկերությունների ու կազմակերպությունների հետ, որոնք առնչվում են անշարժ գույքի ոլորտների, բանկային համակարգի հետ։ Ներկայացված են լինելու նաև օդափոխության և ջեռուցման համակարգերով զբաղվող ընկերություններ, արևային էներգիայի մատակարարներ, մասնագիտացված խանութ-սրահներ, ոլորտային արտադրողներ և ներմուծողներ:
Ընկերությունից հայտնում են նաև, որ ցուցահանդեսին զուգահեռ ընթանալու են թեմատիկ սեմինարներ, բանախոսություններ, խաղարկություններ, խաղեր։ Լինելու է նաև Kids Zone: Տաղավարային մասնակցության համար պետք է գրանցվել հետևյալ հղմամբ կամ զանգահարել +374 43-004-001 հեռախոսահամարով։ Ցուցահանդեսին որպես այցելու մասնակցելու, թիրախային առաջարկ ստանալու և խաղարկության կտրոն ձեռք բերելու համար հարկավոր է գրանցվել հետևյալ հղմամբ։