ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ի և Իրանի միջև համաձայնագրի ուժի մեջ մտնելն «առաջնահերթություն» է անվանել։ Այս մասին նա ասել է Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։
«Հաշվի առնելով Իրանի հետ համագործակցության զարգացման բարձր դինամիկան՝ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելը և դրա հետագա իրականացումն ասոցիացիայի անդամ պետությունների առաջնահերթ խնդիրներն են՝ երրորդ երկրների հետ առևտրային համագործակցության ընդլայնման իրական համատեքստում»,- ասել է նա։
Փաշինյանն ընդգծել է, որ աշխատանքի շարունակությունն այնպիսի հեռանկարային ուղղություններով, ինչպիսիք են Հնդկաստանը և Եգիպտոսը, ինչպես նաև Էմիրությունների և Ինդոնեզիայի հետ տնտեսական օրակարգի շուրջ համապարփակ երկխոսության զարգացումը լրացուցիչ խթան կհաղորդի համաշխարհային տնտեսության մեջ միության ինտեգրման գործընթացին։
«Չնայած ձեռք բերված արդյունքներին, ելնելով ներկա իրողություններից, մենք պետք է արագորեն ստեղծենք փոխգործակցության արդյունավետ մեխանիզմներ նաև երրորդ երկրների գործընկերների հետ։ Սա նոր պայմաններ կստեղծի մեր երկրների տնտեսությունների կայուն զարգացման համար»,- հավելել է Փաշինյանը։