Անցած՝ 2022-ի, և և այս՝ 2023-ի հուլիսի 1-ից կենսաթոշակների բարձրացումները թոշակառուների կենսամակարդակը չեն բարելավելու, Armenia Today-ի հետ զրույցում կարծիք է հայտնել տնտեսագետ Սուրեն Պարսյանն՝ անդրադառնալով հուլիսի 1-ից նաև միջին ու նվազագույն կենսաթոշակների բարձրացմանը։
«Եթե հաշվի առնենք, որ անցած տարի գնաճը կազմել է 8,4 տոկոս, պարենային ապրանքների դեպքում՝ մոտ 11, 12 տոկոս, իսկ թոշակառուների մեծ մասը պարենային ապրանքներ են ձեռք բերում, ապա անցած տարվա 3000 ու այս տարվա 3000 դրամ բարձրացումն առկա 5,2 տոկոսի գնաճի պայմաններում թոշակառուների կենսամակարդակն էապես չեն բարելավելու։ Բարձրացումները կտրուկ կենսամակարդակի բարելավման չեն հանգեցնի։ Այս բարձրացումները թույլ կտան պահպանել կենսամակարդակն ինչ-որ աստիճանի վրա և պարզապես կմեղմեն անցած ու այս տարվա գնաճի մակարդակը»,-ասել է տնտեսագետը։
Մյուս կողմից՝ տնտեսագետը նշել է, որ առաջին անգամ միջին կենսաթոշակները գրեթե հավասարվում են պարենային զամբյուղին, ինչը դրական հանգամանք է։
«Այդ հանգամանքը թոշակառուների շրջանում կարող է նպաստել ծայրահեղ աղքատության վերացմանը, սակայն նրանք կշարունակեն աղքատ մնալ, քանի որ թոշակառուները ոչ միայն պարեն են ձեռք բերում, այլև տարբեր ծառայություններից ու ապրանքներից են օգտնվում»,- ասել է նա՝ շեշտելով, որ կառավարությունը պարբերաբար պետք է կենսաթոշակների վերանայումներ անի՝ հաշվի առնելով գնաճի տեմպերը։
«Մենք չպետք է բավարարվենք եղածով։ Շատ կարևոր է լուծել ոչ միայն թոշակի խնդիրը, այլև թոշակառուների առողջապահական ծախերի մասով լուծումներ առաջարկել։ Գաղտնիք չէ, որ թոշակառուներից շատերն իրենց գումարի մեծ մասը ծախսում են դեղերի, տարբեր ծառայություններից օգտվելու համար»,-ասել է նա։
Ըստ Պարսյանի՝ թեպետ մատնանշված խնդրի լուծումը լրացուցիչ բեռ կարող է լինել պետական բյուջեի համար, բայց պետական բյուջեում ֆինանսական միջոցներ կան՝ հաշվի առնելով, որ կառավարությունն այս տարի թերակատարել է բյուջետային ծախսերը։
Իսկ թե ի՞նչ այլ տնտեսական և սոցիալական ցուցանիշներ պետք է հաշվի առնվեն կենսաթոշակների ինդեքսավորման ժամանակ և այս դեպքում վճարումների նոր չափերը հաստատելիս կառավարությունն ի՞նչը հաշվի չի առել, տնտեսագետը հավելել է․ «Կառավարությունն այս պահին իր համար թիրախային է համարում պարենային զամբյուղը, ինչը կարևոր է։ Բայց այս կառավարությունն իր գործունեության ծրագրի մեջ նշել է, որ պետք է վերացնեն ծայրահեղ աղքատությունը, բայց 2021-ին կրկնապատկել էին ծայրահեղ աղքատների թիվը, որոնց մեջ մեծ թիվ էին կազմում թոշակառուները։ Այսինքն, կարևոր է վերացնել ծայրահեղ աղքատությունը, ինչպես նշեցի՝ թոշակառուներին առողջապահական և այլ ծառայություններ պետք է փորձենք մատուցել։ Կառավարությունը պետք է նաև խրախուսի, որ նրանք աշխատեն, որովհետև կան բազմաթիվ թոշակառուներ, ովքեր պատրաստ են աշխատել։ Նրանց զբաղվածության ծրագրերի մասով կառավարությունը պասիվ է»։
Հարցին՝ ընդհանուր առմամբ՝ նվազագույն և միջին կենսաթոշակը համապատասխանո՞ւմ է կենսաթոշակառուի սպառողական զամբյուղին, Պարսյանը նշել է, որ սպառողական զամբյուղը 76 հազար դրամ է, իսկ միայն պարենային ապրանքների զամբյուղը՝ մոտ 36-37 հազար դրամի շրջանակում է։
«Ծայրահեղ աղքատության շեմն այս պահին 36-37 հազար դրամի շրջանակում է հաշվարկվում։ Կա նաև աղքատության միջին շեմ, և այս պահի դրությամբ միջին կենսաթոշակը մոտավորապես դրա շրջանակում է, այսինքն՝ մոտավորապես պարենային զամբյուղի չափով։ Նվազագույն կենսաթոշակի սահմանը ճիշտ մոտեցում է, թեպետ միգուցե որոշակի անարդար իրավիճակ է ստեղծում աշխատողների ու չաշխատողների դեպքում։ Օրինակ՝ երբ թոշակառուն, որը 15-20 տարի աշխատել է, բայց չաշխատողի հետ ստանալու է 37 հազար դրամ, այստեղ որոշակի անարդարություն կա։ Կարծում եմ՝ կառավարությունը պետք է այդ անարդարությանը որոշակի լուծում տա՝ որոշակի արտոնություններով նախատեսելով աշխատած թոշակառուների համար»,- հավելել է տնտեսագետը։
Կառավարության կողմից ընդունված նախագծով հուլիսի 1-ից Հայաստանում նվազագույն, միջին կենսաթոշակները, ինչպես նաև նպաստները կբարձրացան։ Հուլիսի 1-ից նվազագույն կենսաթոշակը 31,600 հազար դրամից դարձավ 36 հազար, միջին կենսաթոշակը 46 100 դրամից դարձավ 49 700 դրամ, իսկ զինվորական միջին կենսաթոշակը ներկայիս 87 590 դրամից դարձավ 91 600 դրամ։
Աննա Բադալյան