2023-ի հունիսին 12-ամսյա գնաճը շարունակել է արագորեն նվազել և կազմել է -0.5%, 12-ամսյա բնականոն գնաճը նույնպես զգալիորեն դանդաղել է՝ կազմելով 1.5%, հայտարարել է ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։
Նրա խոսքով՝ ԿԲ խորհուրդը հայտարարել է, որ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունները շարունակում են թուլանալ:
«2023թ. երկրորդ եռամսյակում ՀՀ-ում արձանագրվել է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն, որին շարունակել են նպաստել շինարարության և ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճերը: Կապիտալի, աշխատուժի և զբոսաշրջության մեծ ներհոսքի պայմաններում պահպանվող արտաքին բարձր պահանջարկը և տնտեսությունում եկամուտների ավելացումը նպաստել են պահանջարկի ընդլայնմանը: Արտաքին հատվածից գնաճային ազդեցության էական թուլացման, իրականացված զսպող դրամավարկային քաղաքականության և դրամի արժևորման արդյունքում գնաճային միջավայրը ՀՀ-ում շարունակում է արագ տեմպով մեղմվել»,-շեշտել են ԿԲ-ում՝ ընդգծելով, որ, այնուամենայնիվ, բարձր պահանջարկի և գնաճային սպասումների պայմաններում ծառայությունների և որոշ ապրանքների գնաճը ճշգրտվում է համեմատաբար դանդաղ տեմպերով:
Նա նաև հայտնել է, որ օգոստոսի 1-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 10.25%: