Ապրիլի 3-ին ԵՏՀ Խորհուրդը կուսումնասիրի հանձնաժողովի կողմից մշակված COVID-19 կորոնավիրուսային վարակի կանխարգելման և համաճարակի պայմաններում ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման համատեղ միջոցառումների համալիրը: ԵԱՏՄ անդամ պետություններին այդ միջոցները կերաշխավորվեն կառավարությունների ղեկավարների մակարդակով Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի ընթացքում հաստատվելուց հետո, որի անցկացումը նախատեսված է ապրիլի 10-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով:
Ինչպես հաղորդում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը, կքննարկվի ԱՊՀ ազատ առևտրի ռեժիմից սպիտակ շաքարի նկատմամբ բացառումների հարցով Եվրասիական միջկառավարական խորհրդի հանձնարարականի նախագիծը: Նախատեսվում է նաև հաստատել կրիտիկական ներմուծման այն ապրանքների ցանկը, որոնք կազատվեն ներմուծման մաքսատուրքից:
Լսվելու է հանձնաժողովի 2019 թվականի հաշվետվությունը անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի և մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին:
Բացի այդ, նախատեսվում է ուսումնասիրել հանձնաժողովի տեղեկություններն անցյալ տարի բնական մենաշնորհների հարցերով կատարված աշխատանքների արդյունքները, մասնավորապես, այդ ոլորտում ԵԱՏՄ երկրների օրենսդրության ներդաշնակեցման ճանապարհային քարտեզի կատարումը։