Կառավարությունն այսօր՝ ապրիլի 9-ին, հրավիրված նիստում ընդունվեց 2020 թվականի բյուջեում վերաբաշխում կատարելու հարցը։
Նախագծի նպատակն է աջակցել հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային երկրորդ ծրագրի շրջանակում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և Corsan Corviam Construccion ընկերության միջև կնքված պայմանագրի շահառուներին։
Corsan Corviam Construccion ընկերությունը ծրագրի շրջանակում մատուցված ծառայությունների դիմաց 2018 թվականի վերջից չի վճարել։ Արդյուքնում պարտատերերը հայտնվել են ֆինանսական ծանր կացության մեջ։ Նախագծով նախատեսվում է հաստատել բյուջետային վարկի տրամադրման պայմանագրի ձևը և պարտատեր 28 ընկերությունների ցանկը՝ ըստ յուրաքանչյուրի ունեցած դրամական պահանջի չափի։
Նախագծով նախատեսված ընդհանուր գումարը կազմում է 2 միլիարդ 228 միլիոն 549,216 դրամ, բյուջետային վարկ է՝ 5 տարի ժամկետով և 0,01 տոկոսադրույքով։
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն էլ նշեց, որ իսպանական այդ ընկերությունը չի վճարել հայաստանյան կապալառուներին և կառավարությունն իր աջակցությունն է ցույց տալիս տեղական կապալառուներին, որպեսզի կարողանան վերականգնել իրենց վիճակը։
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ կարող են նաև հետաքրքրվել, այդ դրվագի հետ կապված հարուցված է քրեական գործ, որի նախաքննությունն ընթանում է: