Հայազգի Տարոն Աճեմօղլուն տնտեսագիտության բնագավառում արժանացել է Նոբելյան մրցանակի, տեղեկացնում է Bloomberg-ը։
Ինստիտուտների ձևավորումը և բարգավաճման վրա դրանց ազդեցությունն ուսումնասիրելու համար Աճեմօղլուի հետ միասին Նոբելյան մրցանակակիր են դարձել նաև Սայմոն Ջոնսոնը և Ջեյմս Ա. Ռոբինսոնը: Տնտեսագետները կկիսեն 11 միլիոն կրոն (1,1 միլիոն դոլար) պարգևը:
Աճեմօղլուն և Ջոնսոնը ներկայացնում են ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, իսկ Ռոբինսոնը՝ Չիկագոյի համալսարանը։
Նշվում է, որ տնտեսագետներն օգնել են հասկանալ տարբեր ազգերի միջև բարգավաճման տարբերությունները և ցույց են տվել հասարակական ինստիտուտների կարևորությունը երկրի բարգավաճման համար:
Տնտեսագետներն իրենց հետազոտության մեջ բացատրում են, թե ինչու նախկին գաղութները, որ ժամանակին հարուստ էին, հիմա աղքատ են դարձել և հակառակը։
Աճեմօղլուն հայկական ծագմամբ ամերիկացի տնտեսագետ է, որը ծնվել է 1967 թվականին՝ Թուրքիայում։ Մրցանակը, որը պաշտոնապես հայտնի է որպես շվեդական Ռիկսբանկի տնտեսական գիտությունների մրցանակ՝ ի հիշատակ Ալֆրեդ Նոբելի, ստեղծվել է 1968թ․՝ Շվեդիայի կենտրոնական բանկի կողմից։