Հայկական ընկերություններն օգնում են Ռուսաստանին շրջանցել ոսկու առևտրի արևմտյան պատժամիջոցները, համատեղ հետաքննության մեջ գրում են «Հետք»-ը և «The Insider»-ը։
Ըստ հրատարակությունների՝ Հայաստանը ոսկու ներմուծումը կտրուկ ավելացրել է 2023-ին, և արդեն 2024-ի առաջին կիսամյակում այն հասել է 4,4 մլրդ դոլարի (մոտ 66 տոննա)։ 2024թ․ առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 4,1 մլրդ դոլարի ոսկի (59 տոննա)։ Խոսքը ոչ վերջնական մշակված ոսկու մասին է, որը գրեթե ամբողջությամբ ներկրվել է Ռուսաստանից։ Նույն ընթացքում այդ ոսկին արտահանվել է Հայաստանից, 64%-ն արտահանվել է Արաբական Միացյալ Էմիրություններ, մնացած հիմնական մասը՝ Հոնկոնգ ու Չինաստան։
Լրագրողները պարզել են, որ ռուսական ոսկու ներմուծման և արտահանման թիկունքում ՀՀ ազդեցիկ քաղաքական գործիչներ, հայտնի և անհայտ գործարարներ են։ Նշվում է, որ Հայաստան ոսկու ներկրմամբ զբաղվող խոշոր ընկերություններից է «Երևանի ոսկերչական ֆաբրիկա» ՍՊԸ-ն, որը փոխկապակցված է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի հետ։ Ֆաբրիկան ոսկի է գնել մոտ երեք տասնյակ ռուսական ընկերություններից։
Տնտեսագետ Աղասի Թավադյանը «Հետք»-ին հայտնել էր, որ ռուս գործարարները Հայաստանն օգտագործում են որպես ոսկի արտահանելու տարանցիկ երկիր, քանի որ Ռուսաստանը ոսկու արտահանման վրա մաքսատուրք էր սահմանել։ Սակայն այն չի վերաբերել դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանմանը։
«Ռուս գործարարներն այս ոսկին սկզբում բերել են Հայաստան, հետո արտահանել Էմիրություններ։ Սա ձեռնտու էր նրանց, քանի որ Հայաստանից ոսկու արտահանման մաքսատուրք չի գանձվում։ Ստացվում է, որ ո՛չ դեպի Հայաստան արտահանելիս է մաքսատուրք վճարվել, ո՛չ էլ Հայաստանից դեպի ԱՄԷ»,- պարզաբանել է տնտեսագետը։
Նա հավելել է, որ այս տարվա մայիսից հետո Հայաստան ներկրվող և Հայաստանից արտահանվող ոսկու ծավալները կտրուկ ընկել են։ Ըստ Վիճակագրական կոմիտեի ամսական տվյալների՝ եթե 2024 թվականի հունվարին Հայաստան է ներմուծվել 16,8 տոննա ոսկի, ապա սեպտեմբերին այն կազմել է 2,4 տոննա։
Միաժամանակ, ինչպես գրում են «The Insider»-ը և «Հետք»-ը՝ վկայակոչելով ՀՀ վիճակագրական ծառայության տվյալները, 2024 թվականի մայիսից Հայաստանում ոսկու ներմուծումն ու արտահանումը տարվա առաջին չորս ամիսների համեմատ կտրուկ նվազել են։ Եթե ապրիլին Հայաստանից արտահանվել է 14,3 տոննա ոսկի, ապա մայիսին՝ ընդամենը 3,7 տոննա։
Կայքը հիշեցրել է, որ Հայաստանը տարանցիկ երկիր է դարձել ոչ միայն ռուսական ոսկու և ոսկերչական իրերի, այլև ադամանդի արտահանման համար։
2024 թվականի հունվարին Fitch-ը հայտնել էր, որ 2021 թվականից ապրանքների արտահանումը Ռուսաստան աճել է գրեթե 300%-ով, իսկ 2023 թվականի առաջին երեք եռամսյակում Ռուսաստանին բաժին է ընկել Հայաստանի արտահանման 51%-ը և ներմուծման 30%-ը։ Միաժամանակ գործակալությունը նշել էր, որ Հայաստանը շարունակում է կիրառել արևմտյան պատժամիջոցներ՝ ուղղված իր բանկային հատվածի ռուսական կազմակերպությունների դեմ։