ԵՊՀ ռեկտորի ընտրությունը կանցկացնի հոգաբարձուների խորհուրդը, որն այս պահին գոյություն չունի։ Մենք ամենօրյա ռեժիմով աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ, որ ժամ առաջ ձևավորվեն հոգաբարձուների բոլոր խորհուրդները, որոնք չկան որոշ բուհերում, այդ թվում՝ ԵՊՀ-ում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Հիշեցնենք, որ այսօր Դումանյանը ներկայացրել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին։
Թե ինչու է ձգձգվում հոգաբարձուների խորհուրդների ընտրությունը՝ նա նշեց․ «Ձգձգման խնդիրները նախարարության հետ որևէ առնչություն չունեն։ Նախարարությունն առաջնագծի մարտիկի նման ամենի ինչ անելու է, որ այդ խնդիրները լուծվեն։ Իսկ խոչընդոտները պայմանավորված են իրավական դաշտի մատուցած անակնկալներից՝ սկսած ՍԴ-ից, բացի այդ, նախագահը ևս վիճարկեց»։
Նա նշեց, որ երբ նախարարութունն այլ գործիքակազմ կիրառեց գործող օրենքների շրջանակում, հետո էլ օրենքը ՄԻՊ-ը վիճարկեց ՍԴ-ում։
«Հենց գործիքակազմից օգտվում ենք, անմիջապես խնդիր են տեսնում ու դիմում ՍԴ»։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ։ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ։ Բարձր դատարանը մասնավորապես հակասահմանադրական է ճանաչել բուհերի կառավարման խորհուրդների կազմավորման կարգին վերաբերող դրույթները, որոնց միջոցով, ըստ կրթության փորձագետների, բուհերի կառավարումը հանձնվում էր կառավարությանը։