ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի շրջանակում այս տարի կընդունի 5 սփյուռքահայ մասնագետի:
ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նրանցից Մարինա Ներսեսյանը և Հակոբ Մակդիսն այսօր առաջին աշխատանքային հանդիպումն են ունեցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի հետ: Ողջունելով և բարի երթ մաղթելով գերատեսչության նոր աշխատակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ նրանք մեկ տարվա աշխատանքի արդյունքում կարող են իրենց ներդրումն ունենալ պետական համակարգի բարեփոխումների գործում:
«Հայաստանի Հանրապետության հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների համատեքստում այս ծրագիրը շատ կարևոր բաղադրիչ է: Այն օգնում է սփյուռքի մասնագիտական ներուժն ուղղել Հայաստանին: Սա հնարավորություն է պետական համակարգի աշխատանքը ներսից տեսնելու և այն բարեփոխելու գործում ներդրում ունենալու տեսանկյունից: Ծրագիրը նաև հայրենասիրության դրսևորում է, քանի որ շատերը, վստահաբար, թողնում են ավելի լավ պայմաններ և գալիս Հայաստան»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ ծրագրի մասնակիցներից յուրաքանչյուրն իր ուրույն մասնակցությունը կունենա գերատեսչության աշխատանքներին.
Ծրագրի ղեկավար Լիանա Սիմոնյանը հույս է հայտնել, որ սփյուռքահայ մասնագետները նախարարությունում լիովին կիրացնեն իրենց ներուժը: Նա մասնակիցներին խնդրում է կենտրոնանալ ոչ թե ակնկալիքների, այլ մտադրությունների վրա: