Այսօր Երևանում «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցը և «Մատենա» առաջնորդության, մասնագիտական զարգացման միջազգային դպրոցը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։
Ստորագրման արարողությանը մասնակցեցին «Ստոլկովո» դպրոցի ռեկտոր Յուրի Լևինը և «Մատենա» դպրոցի գործադիր տնօրեն Ռուբեն Հայրապետյանը։
Կողմերը պայմանավորվեցին իրականացնել համատեղ կրթական ծրագրեր և հետազոտություններ, փոխանակել ուսումնական ծրագրեր։ Երկու դպրոցներում դասավանդողները և սովորողները կկարողանան մասնակցել փոխանական ծրագրերին։
Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ իրենց համար Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի հետ գործընկերությունն առանցքային նշանակություն ունի։
Նշենք, որ «Մատենայի» նախաձեռնողներն ու հիմնադիրներն են «UWC Dilijan» միջազգային դպրոցի և «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի հիմնադիր գործընկեր Ռուբեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր Ռուբեն Հայրապետյանը։
«Մատենայի» առաջին ծրագրերը մեկնարկելու են 2022 թվականի առաջին եռամսյակում։ Ծրագրերի հնարավոր մասնակիցները կլինեն ինչպես Հայաստանի քաղաքացիները, այնպես է Սփյուռքի ներկայացուցիչներն ու օտարերկրացիները։
Armenia Today-ը հետաքրքրվեց, թե ուսումն անվճա՞ր, թե՞ վճարովի է լինելու, Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց, որ տեղական և համաշխարհային հզոր փորձագիտական ցանցի միջոցով կազմակերպելու են նաև անվճար բաց դասեր երիտասարդների, ուսանողների և հասարակության լայն շերտերի համար, այդ թվում՝ հանրային պաշտոնյաների համար։
Մանրամասները՝ տեսանյութում։