Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից կրթության և գիտության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը:
«Կրթության և գիտության ոլորտում Կառավարության հավակնոտ, բայց իրատեսական քաղաքականությունը ներկայացված է 2021-2026 թվականների ծրագրում, որի իրականացման ուղղությամբ մենք հստակ քայլեր ենք կատարում։ Այո, մեզ համար գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը, քանի որ դրանով է պայմանավորված նաև բոլորիս բարեկեցությունն ու միասնական նպատակը՝ նպաստել ապագան իր սեփական երկրում պատկերացնող քաղաքացու ձևավորմանը»,- նշել է փոխվարչապետը։
Ըստ Մաթևոսյանի՝ ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում՝ հասնելու Կառավարության սահմանած նպատակին՝ մինչև 2026 թվականն առնվազն ունենալ կառուցված/հիմնանորոգված/վերանորոգված 300 դպրոց և 500 մանկապարտեզ։
«Ընդամենը մեկ օրինակ ներկայացնեմ․ Կառավարության վերջին նիստում ընդունեցինք մի որոշում, որի արդյունքում 3 մլրդ 265 մլն դրամի կապիտալ ներդրումներով կբարելավենք մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շենքային պայմաններն ու դրանք կապահովենք գույքով: Մասնավորապես՝ կբարելավենք միջին մասնագիտական ուսումնական չորս հաստատությունների շենքային պայմանները, կկառուցենք մոդուլային դպրոցի 21 և մանկապարտեզի տասը շենք, կնախագծենք մոդուլային 12 մանկապարտեզի և տասը դպրոցի շենք, երկու դպրոցում կկառուցենք նոր մասնաշենքեր, 17 հանրակրթական դպրոցում՝ նոր մարզադահլիճներ, կկառուցենք երկու մարզադպրոց, իսկ հինգ դպրոցում` կվերակառուցենք մարզադահլիճներ և այլն։
Դրանից զատ, Տարածքային զարգացման հիմնադրամն իրականացնում է դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր՝ Կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա։ Միայն այդ ծրագրի շրջանակում, մինչև 2024 թվականը Հայաստանում կկառուցենք կամ կամրացնենք առնվազն 46 դպրոց և շուրջ 20 հազար աշակերտի համար կապահովենք անվտանգ կրթական պայմաններ: Ավելին, արդեն ունենք արդյունքներ․ ավարտվել են 7 դպրոցի վերակառուցման աշխատանքները, շենքերը հանձնվել են շահագործման, իսկ այս տարի նախատեսում ենք ավարտել ևս 8 դպրոցի կառուցման աշխատանքները։ Այս պահին շինարարությունն ընթանում է 20 դպրոցում։
Ինչ վերաբերում է գիտության բնագավառին, ապա այս ոլորտում առաջընթաց ապահովելու նպատակով մենք 2021 թվականի համեմատ 2022 թվականի գիտության ֆինանսավորումը 85 տոկոսով ավելացրինք, իսկ գիտական թեմատիկ հետազոտություններին հատկացվող գումարները բարձրացրինք 2,5 անգամ: Նաև գիտաշխատողների աշխատավարձի բարձրացման ուղղությամբ ունենք շոշափելի առաջընթաց․ 2021 թվականին Կառավարության որոշմամբ սահմանվել է գիտաշխատողների աշխատավարձերի սանդղակավորում, որի արդյունքում ատեստավորում իրականացրած կազմակերպություններում 2022 թվականի հունվարի 1-ից արդեն գործում է գիտաշխատողների էապես բարձր վարձատրության համակարգ, որն ամեն տարի որոշակիորեն աճելու է մինչև 2025 թվականը։ Սրանով մենք քայլ ենք անում գիտության ոլորտն ավելի մրցակցային և գրավիչ դարձնելու, երիտասարդ կադրեր ներգրավելու ուղղությամբ։ Հավաստիացնում եմ, որ կրթության և գիտության ոլորտի զարգացմանն ուղղված կառավարության ջանքերը շարունակական են լինելու»,- նշել է Մաթևոսյանը։