Դիմորդները հնարավորություն ունեն գալիք ուսումնական տարվանից բուհերի ընդունելության քննություն հանձնել երկու անգամ: Կարգավորումը նախատեսված է ընդունելության կարգում կատարված վերջին փոփոխությամբ:
Այս և բուհերի ընդունելության գործընթացին առնչվող այլ հարցերի մասին այսօր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսում խոսել են Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Գրիգորյանը և Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը:
Լուսինե Գրիգորյանի խոսքով` ընդունելության կարգում կատարված հիմնական փոփոխությունը վերաբերում է բացառապես քննությունների կազմակերպման գործընթացին: Դիմորդը քննություն կհանձնի երկու անգամ` նույն ուսումնական տարվա հունվարին և հունիսին: Ընդունելության մրցույթը կատարվելու է միայն մեկ անգամ` ամռանը` ընդունելության քննությունների ավարտից հետո:
Կարգում կատարված հաջորդ փոփոխությամբ` այս տարվանից սկսած ընդունելության քննության տեսակներ են համարվում միասնական և ներբուհական քննությունները` ի տարբերություն նախկին կարգավորման, երբ սահմանված էին միասնական, ներբուհական և կենտրոնացված (բանավոր) քննություններ։
Որպես ընդհանուր միասնական մոտեցում` սահմանվել է, որ բուհ ընդունվելիս բոլոր դիմորդները, անկախ ընտրած բուհից և մասնագիտությունից, հանձնելու են երկու քննություն:
«Միասնական քննությունների թիվը սահմանվել է երկուսը։ Եթե նախկինում շրջանավարտները բուհ ընդունվելիս հանձնում էին մեկ, երկու կամ երեք քննություն` նայած բուհ կամ մասնագիտություն, ապա այս տարվանից դիմորդները բուհ կարող են ընդունվել միայն երկու քննության արդյունքում»,- նշել է Կարո Նասիբյանը: