ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) պատրաստ է չորս միլիոն դոլար հատկացնել Հայաստանի «տեղեկատվական տարածքի ամբողջականության ամրապնդման» համար: Այս մասին գրում է RT-ն։
Հաղորդագրության համաձայն, ներկայումս գործակալությունը միայն տեղեկատվություն է հավաքում նախաձեռնության մեկնարկին նախապատրաստվելու համար:
«ԶԼՄ-ների ամբողջականությունն ու կայունությունը Հայաստանում» խորագրով ծրագիրը նախատեսված կլինի 5 տարվա համար։ Ծրագրի բյուջեն հավասար է չորս միլիոն դոլարի։
«Ծրագիրը կբարձրացնի զանգվածային լրատվամիջոցների մասնագիտական և կազմակերպչական հնարավորությունները՝ ամրապնդելու նրանց խմբագրական անկախությունը և ավելացնելու նրանց ընդգրկումն ու ազդեցությունը հայ հասարակության մեջ՝ որակյալ բովանդակության շնորհիվ», – ասվում է պարզաբանման մեջ:
Նշված ծրագիրը ենթադրում է միանգամից երեք ուղղությունների իրականացում՝ «լրագրության ստանդարտների և բովանդակության որակի բարձրացում», «աջակցություն հանրային շահով աշխատող ԶԼՄ-ների ֆինանսական կենսունակության հասնելու գործում» և «աջակցություն տեղեկատվության անկախ հոսքի համար բարենպաստ պայմանների ձևավորմանը»: