Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հունվարի 12-ի նիստի ժամանակ հայտնեց Հայաստանում Արվեստների ու Սպայական ավագ դպրոցներ ստեղծելու մտադրության մասին։ Նա համապատասխան հանձնարարականներ տվեց կառավարության անդամներին։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին Փաշինյանը հանձնարարեց երկու դպրոցների կրթական հատուկ ծրագրեր նախապատրաստել։
«Իհարկե Սպայական դպրոցի դեպքում շատ սերտ համագործակցություն պետք է լինի Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Ներքին գործերի նախարարության և մեր այն կառույցների հետ, որոնք իրենց ծառայության մեջ ունեն սպայական ծառայության կոմպոնենտ»,- ասաց վարչապետը։
Քաղաքաշինության կոմիտեին Փաշինյանը հանձնարարեց սկսել դպրոցների նախագծման աշխատանքները, իսկ աշխատակազմի ղեկավարին՝ քննարկումների միջոցով որոշել դրանց կառուցման վայրը։ Նա շեշտեց, որ դպրոցները պետք է կառուցվեն զրոյից, այլ ոչ թե տեղակայվեն նախկինում կառուցված շենքում։ Դրանք պետք է հագեցաած լինեն անհրաժեշտ ամեն ինչով, տեխնիկական բաղադրիչներով։