Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը մեկնաբանել է ռուս ռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովի վարպետության դասընթացների չեղարկումը։ ԵԹԿՊԻ-ից նշել են, որ Սոկուրովի մագիստրատուրայի արվեստանոցը բուհում չի բացվել ռեժիսորի հետ որոշ հարցերում համաձայնության չգալու հետևանքով։
Ըստ ԵԹԿՊԻ-ի՝ բուհը դասընթացի համար վերանորոգել, կահավորել և տեխնիկապես հագեցրել է հոսքային լսարաններից մեկը:
«Օրեցօր աճող այլ պահանջների հետ մեկտեղ՝ կրկնապատկվեց նախագծի համար նախատեսված և դեռևս 2024թ․ հունվարին հաստատված բյուջեն»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մագիստրոսական ծրագրի ուսումնական պլանում, ըստ բուհի, փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ վարպետի վերջին չնախատեսված պահանջներն անհամատեղելի էին ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքով սահմանված նորմերին։
«Չնայած անակնկալ փոփոխություններին՝ մինչև վերջին օրը փորձեցինք փրկել իրավիճակը՝ արագ արձագանքելով ռեժիսորի բոլոր պահանջներին: Սակայն Սոկուրովը հրաժարվեց մագիստրոսական կուրսը ղեկավարելուց։ Կարծում ենք՝ կուրսից հրաժարվելու իրական պատճառը ցույց կտա ժամանակը»,- հավելում են բուհից։
Սեպտեմբերի 5-ին Սոկուրովը հայտարարել էր, որ վարպետության դասընթացները չեն կայանա բուհի ռեկտորի հետ արդյունավետ երկխոսության բացակայության պատճառով։
ԵԹԿՊԻ-ի մագիստրատուրայում Սոկուրովի «արվեստանոց» ծրագրի ընդունելությունը մեկնարկել էր հուլիսի 21-ին, դասերը պետք է սկսվեին սեպտեմբերի 2-ից։