Աշնանը Երևանում կայանալիք AIF 2021 ներդրումային համաժողովին մասնակցելու համար ներկայացվել է ավելի քան 800 նախագիծ, Armenia Today-ին տված հարցազրույցում ասել է AIF 2021 ներդրումային ֆորումի կազմակերպիչ, Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը:
«Նախ նշեմ, որ այս գլոբալ ֆորումի նախաձեռնողը Հայ գործարարների ասոցացիան է՝ «Տաշիր» ընկերությունների խմբի հետ համատեղ։ Միջոցառման նպատակն է ստեղծել հնարավոր ամենամյա հարթակ, որը մեկ հարկի տակ կհավաքի տարբեր երկրներից ժամանած հայազգի գործարարներին։ Մեր խնդիրն է նաև համագործակցության կամուրջ ստեղծել Հայաստանի և Ռուսաստանի գործարարների միջև», — ասաց նա։
Ղումաշյանը տեղեկացրեց, որ համաժողովի անցկացումը կանոնավոր դարձնելու ծրագրեր կան, բայց ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես է անցկացվելու առաջին միջոցառումը: Խոսելով այն մասին, թե ինչ կարող է տալ Հայաստանին միջոցառման անցկացումը, նա վստահություն է հայտնել, որ համաժողովի հարթակներում քննարկվելու են Հայաստանի համար այնպիսի գլոբալ հարցեր, ինչպիսիք են տնտեսության զարգացումը, երկրի ներդրումային միջավայրի բարելավումը: Հայ գործարարների ասոցիացիայի հիմնադիրները կանեն հնարավորը, որպեսզի իրենց ներդրումն ունենան վերոնշյալ նպատակների և խնդիրների իրականացման գործում, ընդգծել է Ղումաշյանը:
Նրա խոսքով՝ առաջիկայում կայանալիք համաժողովին Արցախին վերաբերող նախագծեր ևս կլինեն։ «Նման նախագծեր հայտարարվել են, բայց այս պահին բոլոր նախագծերը, որոնք մենք ընդունել ենք, փորձաքննություն են անցնում, ուստի այդ հարցին պատասխանելը դեռ դժվար է։ Շատ նախագծեր կան, այս պահին դրանք ավելի քան 800 են, դրանք ստացվել են ինչպես հաջողակ, արդեն կայացած գործարարներից, որոնք ձգտում են ընդլայնել իրենց բիզնեսի շրջանակները, այնպես էլ սկսնակ գործարարներից», — հայտնեց նա։
Գոհար Ղումաշյանը նաև նշեց, որ հնարավոր է Արցախում ներդրումներ իրականացվեն: «Իհարկե, դա հնարավոր է, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ նպատակներ ու խնդիրներ ենք դնելու», — ասաց նա:
Նշենք, որ «AIF 2021» ներդրումային համաժողովն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում և կհամախմբի հարյուրավոր տարածաշրջանային և միջազգային ներդրողների, ձեռնարկատերերի և նախագծերի սկսնակ ներկայացուցիչների: Ֆորումը կդառնա ներդրումային ծրագրերի քննարկման և իրականացման ամենամեծ հարթակը, այն նաև նախատեսված է նպաստելու Հայաստանում բիզնեսների փոխազդեցությանը տարբեր մակարդակներում: Ֆորումի նախաշեմին՝ սեպտեմբերի 7-ից 13-ը, Դիլիջանում տեղի կունենա Buissap ֆորումը, որին կարող են մասնակցել երիտասարդ ձեռներեցները: Ֆորումը կներկայացնի նոր նախագծեր, որոնք հաղթահարել են մրցութը: Buissap ֆորումի մասնակիցները կունենան վարպետության դասեր և կապ կհաստատեն առաջատար փորձագետների հետ, որոնք կօգնեն նախագծել և պատրաստել նախագծերը մեծ ժյուրիին ներկայացնելու համար: Buissap ֆորումի միջոցառումների արդյունքում ընտրված լավագույն նախագծերի հեղինակները հնարավորություն կունենան դրանք ներկայացնել սեպտեմբերի 20 -ին Երևանում կայանալիք Armenian Invest Forum-ին:
Մանրամասները՝ տեսանյութում: