Տևական ժամանակ Հայաստանի անձնագրային բաժանմունքները քաղաքացիներին չէին տրամադրում անձնագրեր, դիմումներ ևս չէին ընդունվում։ Անձնագրային բաժանմունքներից քաղաքացիներին հորդորում էին սեպտեմբեր ամսվա վերջ մոտենալ։
Պարզելու համար, թե լուծվե՞լ է արդյոք անձնագրերի հարցը, ի՞նչն է առաջացրել նման խնդիր, Armenia Today-ը տեղեկություն ստանալու հարցում ուղարկեց ՀՀ ոստիկանություն։
Այնտեղից պատասխանեցին, որ ՀՀ քաղաքացիներին անձնագրերի տրամադրումը ամբողջ ծավալով վերսկսվել է սեպտեմբերի 13-ից։
«Խնդիրն առաջ էր եկել մատակարար ընկերության մոտ, որոնց կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Եվրոպայում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված առաջացել են լոգիստիկ խնդիրներ, ինչի պատճառով սահմանված ժամկետում հնարավոր չի եղել ձեռք բերել փաստաթղթերի լամինացիոն թաղանթները, արդյունքում ձգձգվել է Հայաստանի Հարապետություն անձնագրերի բլանկների մատակարարումը»,- ասված է հարցման պատասխան նամակում։
Ինչ վերաբերում է անձնագրերի գնման գործընթացին, ապա Armenia Today-ը պարզեց, որ ՀՀ ոստիկանության կարիքների համար անձնագրերի ձեռքբերման նպատակով հայտարարվել է մրցույթ, գնման ընթացակարգի արդյունքում հաղթող է ճանաչվել լեհական PWPW («Լեհական Արժեթղթերի արտադրամաս» ԲԸ) ընկերությունը, որի հետ կնքվել է պայմանագիր։ Ըստ գնման փաստաթղթի՝ պատվիրվել է 200 000 քանակով անձնագիր, որի համար հատկացվել է ընդհանուր 268 916 000 դրամ։