Ֆրանսիայում Hôpital Simone Veil հիվանդանոցի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հայկ Վարդանյանն Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը, խոսել կառավարության կողմից բնակչության պատվաստման միջոցառումների և վերարտադրողական առողջության վրա պատվաստումների ազդեցության մասին։
Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում
Վարդանյանն ափսոսանքով է արձանագրել Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի էական աճը։ «Այցելել եմ Միքայելյան և Նոր Նորք հիվանդանոցներ, և ինձ համար տհաճ նորություն է այն, որ հիվանդանոցներում դատարկ մահճակալներ չկան։ Ցավում եմ, որ հասանք նման իրավիճակի։ Հայաստանում պատվաստումների թիվը շատ ցածր է։ Ցավալի է նաև, որ ժողովրդի մեջ պատվաստումների վերաբերյալ սխալ տեղեկություններ են շրջանառվում։ Բայց այսօր COVID-19-ի դեմ բուժման միակ տարբերակը պատվաստվելն է»,- նշեց բժիշկը։
Կառավարության կողմից բնակչության պատվաստման միջոցառումներ
Հայկ Վարդանյանը ճիշտ որոշում է համարում, որ հոկտեմբերի 1-ից աշխատողները գործատուին 14 օրը մեկ պետք է ներկայացնեն ՊՇՌ բացասական թեստ։ Ֆրանսահայ բժշկի կարծիքով՝ այս որոշման միջոցով հնարավոր է կարողանան քաղաքացիներին համոզել պատվաստվել։
«Ֆրանսիայում սկզբից որոշակի մասնագիտությունների տեր մարդկանց էին պարտադիր պատվաստում։ Պատվաստումների դեմ ցույցեր էլ եղան, բայց դրանք շատ չնչին տոկոս են կազմել։ Ֆրանսիայի բժշկական կենտրոնների աշխատողները 100 տոկոսով պատվաստված են։ Մեզ մոտ ավելի խիստ է, աշխատողները պետք է յուրաքանչյուր 72 ժամ մեկ թեստի պատասխան ներկայացնեն, շատերին այդ պատճառով աշխատանքից ազատեցին, մինչև չներկայացրին պատվաստման սերտիֆիկատ»,- ներկայացրեց ֆրանսահայ բժիշկը։
Պատվաստումների ազդեցությունը վերարտադրողական առողջության վրա
Նա անդրադարձավ նաև Հայաստանում շրջանառվող այն տեղեկություններին, թե պատվաստումն ազդում է վերարտադրողական առողջության վրա։
Հայկ Վարդանյանն այս տեղեկությունները խոհանոցային խոսակցություններ է համարում և պնդում, որ որևէ բժշկական հետազոտություն և ապացույց չկա, որ պատվաստանյութն ազդում է վերարտադրողական առողջության վրա։
Պատվաստումների ցածր մակարդակի հարցում բժիշկը նաև պետության մեղքի բաժինն է տեսնում։ Ասում է՝ առողջապահության նախարարությունը պետք է ճիշտ տեղեկություններով բարձրացնի քաղաքացիների իրազեկվածության մակարդակը։
Նշենք, որ Հայկ Վարդանյանը, ով երկար տարիներ աշխատում է Ֆրանսիայում, այս տարի կրկին Հայաստան է ժամանել մի խումբ սփյուռքահայ բժիշկների հետ՝ COVID-19-ի դեմ պայքարում տեղի բժիշկներին օգնություն ցուցաբերելու համար։ Նախորդ տարի Վարդանյանը Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում Ֆրանսիայից ժամանած մի խումբ բժիշկների հետ կիսվել է կորոնավիրուսի դեմ պայքարի իր փորձով: Այս տարի ֆրանսիացի բժիշկների պատվիրակության կազմում Վարդանյանը մասնակցել է «Հառաչադեմ Հայաստան» կազմակերպության ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման արարողությանը, որի նպատակը սփյուռքահայ բժիշկներին համախմբելն է։
Հայկ Վարդանյանն ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, որից հետո Լենինգրադում ընդունվել է Կլինիկական օրդինատուրա: Բժիշկ Վարդանյանը 25 տարի ապրում է Ֆրանսիայում և արդեն 7 տարի է՝ Փարիզի արվարձանի Hôpital Simone Veil հիվանդանոցի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի ղեկավարն է։ Բժիշկը ռուսալեզու ընթերցողների համար Instagram-յան բլոգ է վարում, որտեղ իր հետևորդների հետ կիսվում է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի արդիական տեղեկատվությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։