Armenia Today-ը շարունակում է ստարտափ-նախագծերի վերաբերյալ հրապարակումների շարքը, որոնք ընտրվել են սեպտեմբերի 12-ին Դիլիջանում կայացած Buissup Global Forum-ի ընթացքում: Մեր հաջորդ հյուրն Անդրանիիկ Ոսկանյանն է: Նա պատմել է մի գաղափարի մասին, որն այսօր արդեն իրականություն է դարձել:
Անդրանիկ Ոսկանյանը սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում:
«Գաղափարը դեռ 2018 թվականին է ծնվել: Մենք որոշեցինք սարքել մի ռոբոտ, որը պետք է անցնի խողովակատարների միջով՝ կլինեն դրանք թե՛ գազատար, թե՛ ջրատար և թե՛ նավթատար խողովակներ: Ռոբոտը պետք է ներսից հետազոտի դրանք, այսինքն՝ գտնի դրանց վնասված ու խցանված հատվածները: Չորս ընկերներով հավաքվել ու որոշել ենք իրագործել գաղափարը: Ստեղծել ենք տարբեր տեսակի նախատիպեր, լաբորատոր փորձարկումներ ենք իրականացնել: Ու բոլորովին վերջերս հանդիպել ենք «Վեոլիա ջրի» ներկայացուցիչների հետ: Պայմանավորվել ենք արդեն արտադրական նշանակության ռոբոտը պատրաստ լինելուն պես այն ռեալ փորձարկել հենց իրենց ընկերության ջրատար խողովակների մեջ»,- Armenia Today-ին պատմեց Անդրանիկը:
Չորս ընկերներից բաղկացած թիմը մի շարք միջազգային ու տեղական մրցույթների է մասնակցել:
«Մենք թե՛ տեղի, թե՛ միջազգային մրցույթներում մեծ արդյունքներ ենք ունեցել: Բարձր տեխնոլոգիաների նախարարության կողմից 2,5 մլն դրամ դրամաշնորհ ենք ստացել: Բոլոր մրցույթներում հիմնականում հաղթել ենք, ինչը ոգեշնչել է մեզ, և մենք հասկացել ենք, որ գաղափարն ու պրոդուկտն ապագա ունեն, մարդիկ զգում են դրա կարիքն ու կա դրա անհրաժեշտությունը: Բացի միջազգային մի շարք մրցույթներից, վերջերս մասնակցել ենք նաև Դիլիջանում անցկացված «Buissup Global Forum»-ին, որտեղ ևս հաղթողների շարքում էինք»,- ասաց Անդրանիկը:
Անդրանիկ Ոսկանյանը, Լենդրուշ Հարությունյանը, Արթուր և Արտյոմ Համոբյանների ընկերությունը տարիների պատմություն ունի: Չորսն էլ ընդհանուր շատ գաղափարներ ունեն, բայց այս պահին հենց հետազոտող ռոբոտի նախագիծն են կյանքի կոչելու:
Անդրանիկի խոսքով՝ այս փուլում արդեն մրցույթների մասնակցելու ցանկություն չունեն:
«Արդեն ռոբոտը որպես արտադրանք ենք ուզում ստեղծել: Մրցույթները, անկեղծ ասած, մեզ գործից հետ են գցում: Այդ ժամանակը, որը ծախսում ենք մրցույթներին նախապատրաստվելու ու մեր գաղափարը ներկայացնելու վրա, կծախսենք արտադրական նշանակության ռոբոտ ստեղծելու վրա: Երբ արդեն հաղթեցինք նաև «Buissup Global Forum»-ում ու հուշագիր ենք ստորագրել, անցնելու ենք արդեն ռոբոտի արտադրական նախատիպը ստեղծելու աշխատանքներին»,- եզրափակեց մեր զրուցակիցը:
Armenian Business Forum 2021-ի շրջանակներում Buissup Global Forum-ի բոլոր հաղթողները ստացել են դրամական պարգևներ: Armenian Business Forum 2021-ը տեղի է ունեցել «Tashir group»-ի ֆինանսավորմամբ: