Սոցիալական ձեռներեց, «The Future Armenian» շարժման համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն Armenia Today-ի հետ զրույցում հայտարարել է, որ տարածաշրջանային հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակման հետ կապված բազմաթիվ ասպեկտների լուրջ վերլուծության անհրաժեշտություն կա։
«Ես այս ոլորտի մասնագետ չեմ, և չէի ցանկանա ինչ-որ մերկապարանոց եզրակացություններ անել, բայց խորապես համոզված եմ, որ ցանկացած նման որոշում լուրջ և խոհեմ վերլուծություն է պահանջում։ Ընդ որում, ոչ միայն կառավարության, այլև բիզնեսի ներկայացուցիչների, ինչպես նաև ժողովրդի կողմից, որը կօգտվի կամ չի օգտվի այդ հնարավորություններից»,- մեզ հետ զրույցում ասել է Վարդանյանը:
Նրա խոսքով՝ այս առումով կարևոր է հասկանալ, թե ինչպիսին կլինեն սակագները, նաև այն, թե անվտանգության ինչպիսի մեխանիզմներ կլինեն, ինչպես կապահովվի թափանցիկությունը: Ռուբեն Վարդանյանը նաև նշել է, որ անհրաժեշտ է հասկանալ, թե հաղորդակցությունների ապաշրջափակման արդյունքում ինչպե՞ս կփոխվի ապրանքաշրջանառությունը։ Կամ՝ արդյո՞ ք լինելու են բավարար միջոցներ, որոնք հաշվի առնելով՝ հայկական կողմն իր գործարարներին կառաջարկի օգտվել այդ հնարավորությունից, ավելի շատ հարկեր վճարել բյուջե և, ըստ այդմ, ավելի շատ հնարավորություններ ստանալ սոցիալապես անապահով մարդկանց օգնելու համար:
«Դրանք կարևոր և լուրջ հարցեր են, ուստի տրանսպորտային հաղորդակցությունների բացումը ոչ թե նպատակ է, այլ գործիք Հայաստանի տնտեսությունը հզորացնելու համար։ Պետք է հասկանալ, թե տրանսպորտային հաղորդակցությունների բացման հաշվին որ ճյուղերն են ամենաշատը շահելու, իսկ որ ճյուղերը՝ ոչ, քանի որ կան ճյուղեր, որոնք շրջափակման պայմաններում ավելի շուտ շահում էին, քանի որ ավելի շատ սահմանափակումներ կային»,- ընդգծեց Վարդանյանը։
Նա նշեց, որ ապաշրջափակման թեման քաղաքական ու զգացմունքային կողմեր ունի։
«Բայց տնտեսական խորքային վերլուծության, քննարկումների անհրաժեշտություն կա, որը չի իրականացվել։ Ես հույս ունեմ, որ այն իրականացվել է կառավարության կողմից։ Ուստի, կոմունիկացիաների բացման դրական և բացասական կողմերի մասին հարցին պատասխանելու համար պետք է այս թեմայի հետ կապված շատ ասպեկտներ լրջորեն և խորապես վերլուծել»,- ընդգծեց Ռուբեն Վարդանյանը։
Armenia Today-ում հարցազրույցի տեքստն ու տեսանյութն ամբողջությամբ կհրապարակվեն այսօր՝ հոկտեմբերի 7-ին` ժամը 22:00-ին: