Ոչ մի պետություն, ներառյալ գերտերությունները, չունեն բացարձակ ինքնիշխանություն։ Այդ մասին Armenia Today- ին տված հարցազրույցում ասել է ռուսաստանցի քաղաքագետ, МГИМО- ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրաատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նա կիսում է Հայաստանի փորձագիտական շրջանակներում և ընդդիմադիր դաշտում տարածված այն կարծիքը, որ երկիրն այսօր կանգնած է իր ինքնիշխանության զգալի մասը կորցնելու իրական սպառնալիքի առջև:
«Նույնիսկ այնպիսի հզոր պետություններ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները և Չինաստանը որոշակի ուղղություններով չեն կարող իրականացնել այն ամենը, ինչ նրանք կցանկանային: Մենք դա տեսանք վերջերս Աֆղանստանում: Կարելի է հիշել Հյուսիսային Կորեան իր տեղը դնելու Դոնալդ Թրամփի փորձերը: Թուրքիան ևս ունի ինքնիշխանության որոշակի սահմանափակումներ, որը չկարողացավ կատարել Սիրիայում իր բոլոր խնդիրները Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի գործոնի պատճառով: Նույնը կարելի է ասել Ռուսաստանի մասին, որը բախվում է Թուրքիայի աճող ամբիցիաներին, ինչպես նաև հետխորհրդային տարածքում որոշակի խնդիրների:
Հասկանալի է, որ Հայաստանը փոքր երկիր է, և անցյալ տարվա պատերազմի արդյունքներով ստեղծված նոր ստատուս քվոյի պայմաններում այսօր թուլացած է թե՛ ռազմաքաղաքական, թե՛ էմոցիոնալ առումով: Բուն հանրապետության ներսում մեծ քննարկումներ են գնում դիմադրության գնի, պայմանական զիջումների գնի վերաբերյալ: Եվ ապավինել այն փաստին, որ այս պայմաններում հնարավոր է բացարձակ ինքնիշխանություն, ինչը թույլ կտա Հայաստանին պաշտպանել և իրականացնել իր բոլոր շահերն ու նպատակները, ոչ այլ ինչ է, քան գեղեցիկ քաղաքական արտահայտություն, սակայն իրականում ուտոպիստական», – ասել է քաղաքագետը:
Ընդդիմության պատճառները, ըստ Մարկեդոնովի, հասկանալի են: «Ընդդիմությունը, ըստ սահմանման, պետք է նախատի իշխանություններին: Բայց փաստն այն է, որ զիջումների գաղափարը ձևավորվել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց դեռ շատ առաջ: Այն քննարկվում էր 1990 -ականների սկզբից: Այս գաղափարը մշտապես եղել է Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, պարզապես այդ զիջումները չեն բարձրաձայնվել, դրանք հրապարակային չեն եղել: Բայց արդեն երկրորդ ղարաբաղյան պատերազմում զիջումների դիսկուրսը հանրայնացվեց. այն հանվեց գաղտնի պահարաններից և սկսեց ակտիվորեն քննարկվել: Հասկանալի է, որ արդեն իսկ որոշ զիջումներ փաստորեն կան, երբ խոսքը վերաբերում է շրջաններին: Այս խնդիրը բանակցությունների ընթացքում մշտապես բարձրաձայնվել է: Իսկ տարբեր քաղաքական գործիչներ կպայքարեն Ղարաբաղի կարգավիճակի խնդրի համար. թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանամետ», – ասել է քաղաքագետը:
Անցյալ տարվա պատերազմի ժամանակ Ռուսաստանը ցուցադրեց ընդգծված չեզոքություն՝ վարելով հստակ հավասարակշռված քաղաքականություն երկու հակամարտող կողմերի նկատմամբ: Մոսկվան որոշակի ճշգրտումներ կկատարի՞ իր քաղաքականության մեջ բոլորովին այլ իրողությունների, տարածաշրջանում նոր ստատուս քվոյի պայմաններում: Եվ արդյո՞ք հնարավոր է նոր սրացում տարածաշրջանում:
Պատասխանելով այս հարցին՝ Մարկեդոնովը նշել է. «Իհարկե, հնարավոր է, որ Մոսկվան ճշգրտումներ կատարի իր քաղաքականության մեջ: Չի բացառվում նաև էսկալացիան: Երբ 2020 թ. -ին շատերը Մոսկվայից պահանջում էին կոշտ գործողություններ և որոշակիություն, ես միշտ հիշեցնում էի մեկ դեպք`Հարավային Օսիայի դեպքը։ Մոսկվան համաձայնել է ճանաչել Հարավային Օսիան այս հանրապետության ղեկավարության երկու տասնամյակ դիմումներից հետո`ոչ միայն Ռուսաստանի նախագահին, այլև Սահմանադրական դատարանին և Ռուսաստանի այլ ատյաններին: Վրաստանի հետ հակամարտության ապասառեցումը տևեց 4 տարի`2004 թվականի մայիսից մինչև 2008 թվականի օգոստոս: Այնուամենայնիվ, Մոսկվան երբեք կասկածի տակ չի դրել Վրաստանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության գալուց հետո:
Այնպես որ, ոչ մի դեպքում չենք կարող բացառել Մոսկվայի դիրքորոշման փոփոխության հնարավորությունը: Որոշվել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության ժամկետը`ընդամենը հինգ տարի: Այդպիսի սահմանափակումներ չկային ո՛չ Աբխազիայում, ո՛չ Հարավային Օսիայում, ո՛չ Մերձդնեստրում: Կարո՞ղ է այս հարցը ծագել: Իրականում, այն արդեն կամաց-կամաց ծագում է, տարբեր դիրքերում: Այնպես որ ժամանակը ցույց կտա: Ինչ վերաբերում է ուժային էսկալացիային, ապա դա, իհարկե, հնարավոր է: Ով ինչ ուզում է ասի այն մասին, թե իբր հակամարտությունն ավարտված է, բայց կան դժգոհության կետեր սահմանների սահմանազատման և սահմանագծման, կարգավիճակի կամ որպես այդպիսին դրա բացակայության, բանակցային գործընթացի վերսկսման կամ տորպեդահարման վերաբերյալ: Իհարկե, էսկալացիայի հավանականությունն ավելի ցածր է, քան մեկ կամ երկու տարի առաջ, սակայն այն պահպանվում է: Այսպիսով, լուծելով այս հավասարումը, մենք չենք կարող այդ տարրերը դեն նետել», – եզրափակել է Սերգեյ Մարկեդոնովը: