Armenia Today-ը շարունակում է ստարտափ-նախագծերի վերաբերյալ հրապարակումների շարքը, որոնք միջազգային մի շարք ձեռքբերումներից բացի, նաև սեպտեմբերի 12-ին Դիլիջանում կայացած Buissup Global Forum-ի հաղթողների շարքում են։ Մեր այսօրվա հյուրն Արթուր Կարապետյանն է։ Նա 25 տարեկան է, մասնագիտությամբ տնտեսագետ է, շուրջ 7 տարի է՝ ծրագրավորմամբ է զբաղվում։
Արթուրն Armenia Today-ին պատմել է իր գաղափարի մասին, որն այսօր արդեն ստարտափ է դարձել և որով հետաքրքրվում են միջազգային շուկայում։ Արթուրը և նախագծի համահիմնադիր Միհրանը, որը 15 տարվա փորձ ունեցող ֆինանսիստ է, իրենց ամբողջ փորձառությունն են ներդրել նախագծի մեջ՝ ստեղծելով Text’nPayMe անունը կրող ստարտափը։
«Ստարտափ, որի նպատակն է գումար փոխացնելու գործընթացը դարձնել նույնքան բնական, որքան սովորական հաղորդագրություն ուղարկելն է։ Խոսքը P2P փոխանցումների մասին է։ Այս շուկան ամենարագ աճող շուկաներից է։
Պատմականորեն թվային փոխանցումների շուկայի հիմնական խաղացողներն էին բանկերը և թվային դրամապանակները։
Վերջին տարիներին սոցիալական հարթակները նկատեցին այն հանգամանքը, որ ֆինանսական բնույթի քննարկումները տեղի են ունենում հենց իրենց հարթակներում, օրինակ՝ Facebook-ի մեսենջեր, Telegram, WhatsApp: Սոցիալական հարթակները մտածեցին՝ ի՞նչն է խանգարում ստեղծել իրենց ներքին վճարային համակարգերը, որպեսզի մարդիկ հենց իրենց ծրագրերի ներսում կարողանան միմյանց գումար փոխանցել»,- պատմեց Արթուրը՝ նշելով, որ Facebook-ը և WhatsApp-ն արդեն օգտվել են այս իրավիճակից և ստեղծել իրենց ներքին վճարային համակարգերը, որոնք այս պահի դրությամբ գործում են սահմանափակ թվով երկրներում։
«Բանկային և ֆինանսական կազմակերպությունների հիմնական խնդիրն այն է, որ սոցիալական հարթակները, թողարկելով այդ համակարգերը, P2P՝ արագ դրամական փոխանցումների շուկան սկսեցին իրենցով անել։ Ու պետք էր մի ծրագրային լուծում, որը տվյալ իրավիճակը կուղղեր։ Մենք այդ ծրագրային լուծումը տեսել ենք ստեղնաշարի տեսքով։ Մեր նախագիծը ստեղնաշարային հավելված է, որը տրամադրում ենք բանկերին ու ֆինանսական ընկերություններին՝ որպես նոր գործառույթ իրենց արդեն իսկ գործող համակարգերին։ Եթե բանկերն ինտեգրում են մեր ստեղնաշարը, իրենց օգտատերերը հնարավորություն են ստանում ցանկացած ծրագրի ներսում գումար ուղարկել։ Խոսքն այն բոլոր ծրագրերի մասին է, որտեղ հնարավոր է ստեղնաշարով տեքստ մուտքագրել։ Բանկային ծրագրի հաջորդ թարմացման հետ ստեղնաշարը, որպես նոր հնարավորութուն, ներկայացվում է հաճախորդներին։ Գումար փոխանցելու համար պարզապես անհրաժեշտ է տեքստային հրահանգ մուտքագրել․ օրինակ՝ «ուղարկել 5000 դրամ Արթուրին»։ Երբ գրում եք՝ «ուղարկել 5000 դրամ», ստեղնաշարում բացվում է փոքր էկրան, որտեղ դուք պետք է ձեր կոնտակտների ցանկից ընտրեք ստացող կողմին։ Ստացող կողմին ընտրելուց հետո բանկային ծրագրի նույնականացման համակարգն է միանում, որպեսզի հաստատեք ձեր ինքնությունը (փին, գաղտնաբառ, բիոմետրիկ), որից հետո գործարքն իրականացվում է»,- նշեց Արթուրը։
Ճշտող հարցին՝ որևէ բանկի հաճախորդ պե՞տք է լինել հավելվածից օգտվելու համար՝ Արթուրն ասաց․
«Եթե կարճ՝ այո: Դեռ մեր սեփական լիցենզիան չունենք, և մենք ֆինանսավորում ենք փնտրում թե՛ լիցենզիա ստանալու, թե՛ մեր հավելվածի հետագա գործառույթներն ավելացնելու ու զարգացնելու համար։ Մինչ այդ պետք է լիցենզիայի ներքո գործունեություն ծավալենք՝ ֆինանսական ընկերությունների հետ համագործակցության պայմանագրեր ստորագրելով։
Արդեն ստորագրված պայմանագիր ունենք Եվրամիությունում գործող «Տեմպո Ֆռանս» ընկերության հետ, և մինչև սույն տարվա վերջ մեկնարկում ենք մեր հավելվածը ԵՄ-ում»։
Նա նշեց, որ Հայաստանի ֆինանսական կազմակերությունների հետ դեռևս պայմանագրեր չունեն, բայց հետաքրքրվող կառույցներ կան։ Արթուրի խոսքով՝ պրոդուկտն ավելի քան մեկ տարի շտկվել է, և մեծ աշխատանք է տարվել, որ մարդիկ հնարավորինս հեշտ օգտվեն ծրագրից։
«Առաջին անգամ հավելվածը փորձարկել եմ տատիկիս հետ։ Նրան ոչինչ չեմ սովորեցրել, բայց իր մոտ ստացվեց ինքնուրույն գործարք կատարել։ Հենց այդ պահից հասկացա, որ մեր ջանքերը ծառայել են նպատակին։ Ամեն ինչ շատ պարզ է։ Մեր ստեղնաշարը նաև շատ գրագետ մշակված հայերեն տառերի դասավորություն ունի։ Կետադրական նշանները մեր ստեղնաշարի վրա գտնվում են այնտեղ, որտեղ պետք են, մինչդեռ արտասահմանյան ընկերությունների առաջարկած ստեղնաշարերում հայերենի կետադրական նշանները գրագետ ձևով շարված չեն։ Կան նշանաններ, որոնք անիմաստ են ու չեն օգտագործվում հայերենում»։
Վերջում Արթուրը նշեց այս տարվա երկու մեծ ձեռքբերումների մասին։
«Buissup Global Forum-ի հաղթողներից ենք դարձել, ինչի արդյունքում «Տաշիր գրուպի» հետ հուշագիր ենք ստորագրել։ Այն նաև հետագա ներդրում է ենթադրում։ Բացի այդ, Բարձր տեխնոլոգիաների նախարարութան կողմից դրամաշնորհ ենք ստացել, ինչը կրկին մեզ համար ամենամեծ ձեռքբերումներից է»,- եզրափակեց նա։
Armenian Business Forum 2021-ի շրջանակներում Buissup Global Forum-ի բոլոր հաղթողները ստացել են դրամական պարգևներ: Armenian Business Forum 2021-ը տեղի է ունեցել «Tashir group»-ի ֆինանսավորմամբ: