Armenia Today-ը շարունակում է ստարտափ-նախագծերի վերաբերյալ հրապարակումների շարքը, որոնք սեպտեմբերի 12-ին Դիլիջանում կայացած Buissup Global Forum-ի հաղթողների շարքում են։
Buissup Global Forum-ի հաղթողների շարքում է նաև Gebecert նախագիծը, որը մինչ ֆորումն արդեն իսկ միջազգային տարբեր մրցանակների է արժանացել։
Gebecert ստարտափի համահիմնադիրներից Ռոման Զաքյանն Armenia Today-ի հետ զրույցում խոսել է նախագծի ստեղծման մասին՝ պատմելով, թե ինչպես ստեղծվեց գաղափարը։
«Gebecert-ն ապրանքի իսկությունը հավաստող ծրագիր է։ Այսինքն, մենք օգնում ենք, որ սպառողը կարողանա տարբերակել՝ ապրանքը բնօրինա՞կն է, թե՞ ոչ, իսկ արտադրողն իր հերթին պաշտանի պրոդուկտը, որպեսզի կեղծարարները չկեղծեն այն»,- ասաց մեր զրուցակիցը։
Ռոման Զաքյանը պատմեց, որ նախագիծը հեղինակողները միասին բավականին երկար աշխատելու փորձ ունեն, ինչը ևս նպաստել է գաղափարի իրականացմանը․ «Ծրագիրը սկսվեց խնդրի ուսումնասիրությունից։ Այսինքն, հասկացանք մեծ խնդիրը ու որոշեցինք գտնել լուծումը։ Փորձեցինք փնտրել ու գտնել որոշակի տեխնոլոգիաներ, ինչ-որ հետազոտություններ արեցինք»։
Մանրամասնելով նախագծի գաղափարը՝ նա նշեց․ «Մեր շահառուներն են և՛ բիզնեսը, և՛ շարքային քաղաքացին։ Պետությունը ևս կարող է շահառու լինել։ Ստարտափի նպատակն արտադրողներին, ստեղծարարներին պաշտպանելն է, որովհետև տարեկան կտրվածքով, ընդհանուր առմամբ, կեղծ արտադրանքի շրջանառությունն ամբողջ աշխարհում ավելի քան 1,7 տրիլիոն դոլարի է հասնում։ Սա բավականին լուրջ տոկոս է։ Հայաստանում ևս կա կեղծ արտադրանք, ինչը գաղտնիք չէ։ Մասնավորապես՝ կեղծ դեղորայք, կեղծ հագուստ, կեղծ ալկոհոլ, կեղծ ժամացույց և այլ ապրանքներ»։
Հարցին՝ ինչպե՞ս է աշխատում համակարգը՝ Զաքյանը հավելեց․ «Մենք չիպեր ենք տրամադրում, որոնք կպնում են ապրանքին այնպես, ինչպես, օրինակ, տարբեր պիտակները, դրոշմապիտակները։ Այնուհետ սպառողը հավելվածի միջոցով վավերացնում է այն՝ սքանավորելով չիպը»։
Ստարտափի համահիմնադիրն ընդգծեց, որ թիմը համագործակցում է տարբեր օտարերկրյա կազմակերպությունների հետ։ Ընկերությունների թվում, մեր զրուցակցի խոսքով, կան իտալական, շվեյցարական կազմակերպություններ, ինչպես նաև տարբեր սննդային հավելումներ արտադրող հոնկոնգյան ընկերություններ․ «ԱՄՆ շուկայում ևս մի շարք հաճախորդներ ունենք։ Մեր ստարտափից նաև բավականին մեծ թվով շարքային քաղաքացիներ՝ սպառողներ են օգտվում, որոնք կարողանում են մեր հավելվածի միջոցով ստուգել ապրանքը։ Հայաստանում, սակայն, մենք հաճախորդներ չունենք»։
Իսկ նախատեսո՞ւմ են արդյոք Հայաստանում ևս հաճախորդներ ձեռք բերել՝ Զաքյանը պատասխանեց․ «Հայաստանում, իհարկե, որոշակի պլաններ ունենք, որոց մասին դեռ չենք ցանկանում բարձրաձայնել։ Ամեն դեպքում, խոսքը թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածի հետ համագործակցության մասին է»։
Ստարտափ-նախագծի հեղինակը նշեց նաև միջազգային բազմաթիվ մրցանակների ու դրանցից բխող հեռանկարների մասին։
«Մասնավորապես՝ մեր հեղինակած համակարգը 2019 թվականին ԵԱՏՄ լավագույն թվային հարթակ մրցանակաբաշխությանը լավագույն թվային լուծում է ճանաչվել։ Բիշքեքում ներկայացնելով Հայաստանը՝ գրավեցինք առաջին տեղը։ 2019 թվականին մասնակցել ենք նաև Հայաստանում առաջին անգամ անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ WCIT-ին, որտեղ ևս հաղթողների շարքում էինք»,- եզրափակեց Ռոման Զաքյանը։