«Խոսենք գլխավորի մասին» հաղորդման հյուրն է քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը:
«Armenia Today» գործակալության լրագրողը փորձագետի հետ քննարկել է վերջերս Սոչիում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները, տարածաշրջանում միջնորդ լինելու Ռուսաստանի և Արևմուտքի մրցակցության, Բաքվի և Երևանի հարաբերություններում Ռուսաստանի առանցքային դերի և Հայաստանի համար ապաշրջափակման հետ կապված հարցեր:
Վերլուծաբանը գտնում է, որ Սոչիում կայացած հանդիպման արդյունքների մասին կարելի է խոսել մեկ շաբաթ անց, երբ Մոսկվայում կկայանա եռակողմ հանդիպում: Նրա խոսքերով՝ Սոչիում ընդունված փաստաթուղթը կարելի է համարել որպես մտադրությունների մասին հայտարարություն, իսկ հստակություն կարելի է տեսնել միայն մյուս շաբաթ: Այնումենայնիվ, Բաղդասարյանը կարևոր համարեց, որ կողմերը հայտարարեցին, որ սկզբից տեղի է ունենալու դելիմիտացիա, իսկ հետագայում դեմարկացիա:
Նա ընդգծեց նաև, որ ստեղծվելիք հանձնաժողովը, որի մասին ավելի գործնական կհայտարարվի Մոսկվայում, լինելու է երկկողմ՝ հայ-ադրբեջանական, այլ ոչ թե եռակողմ, իսկ Ռուսաստանն ունենալու է միայն խորհրդատվական մասնակցություն:
«Այսինքն՝ պետք է ենթադրել, որ Ռուսաստանն այդ հարցը թողնում է Հայաստանին և Ադրբեջանին, իսկ ինքն ընդամենը երաշխավորում է, որ այդ գործընթացը տեղի ունենա նվազեցված լարվածության մթնոլորտում, որը լինելու է տևական և ցավոտ: Այսինքն՝ Ռուսաստանը չի երաշխավորում, որ սահմանագծումը և սահմանազատումը լինելու են արդարացի, նա երաշխավորում է, որ դա լինելու է առանց բախումների»,- նշեց նա:
Բաղդասարյանն արձանագրեց, որ ամբողջ բանակցությունների ընթացքում և հայտարարության մեջ որևէ բառ չկա Լեռնային Ղարաբաղի մասին, այսինքն՝ ենթադրվում է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները և Արցախի հարցի վերջնական կարգավորումը հստակ առանձնացված, տարանջատված են:
Նա համարում է, որ ցավալի է, որ չշեշտվեցին մարդասիրական խնդիրները՝ ռազմագերիների վերադարձը: Ընդամենը նշվեց, որ հայտարարության մյուս կետերի ուղղությամբ շարունակվելու է ջանքերի գործադրումը, թեև Հայաստանի համար դա ամենացավոտ կետերից է: Վերլուծաբանը ենթադրում է, որ Ադրբեջանը ռազմագերիների հարցը միշտ կօգտագործի՝ որպես լրացուցիչ ճնշման լծակ հայկական կողմի վրա հենց այդ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների ժամանակ:
Բաղդասարյանը չի կարծում, որ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք հանդիպումը կարելի է դիտարկել որպես մրցակցություն Մոսկվայի և Արևմուտքի միջև: Նրա խոսքով՝ ի սկզբանե պարզ է, որ բոլոր կարևոր հարցերը քննարկվելու և լուծում են ստանալու ռուսական ազդեցության տիրույթում, իսկ Բրյուսելի օրակարգն այլ է լինելու, և այնտեղ շեշտը դրվելու է մարդասիրական խնդիրների վրա, ինչը շատ կարևոր է հայկական կողմի համար:
Նա վստահ է, որ սահմանազատման և սահմանագծման, կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերը Բրյուսելի տիրույթում չեն: Բրյուսելը, իսկ պատկերավոր ասած, Արևմուտքը 44-օրյա պատերազմից հետո, կարծես թե, դուրս է մղվել մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններից և, իհարկե, իրենք պետք է ցանկանան վերադարձնել իրենց ազդեցությունը, ունենան իրենց մասնակցությունը:
«Բայց Ռուսաստանը շատ հստակ արձանագրեց, իսկ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ իրենք պիտի մի քայլ առաջ լինեն: Կարճ ասած՝ լավ եք անում, որ հանդիպում եք Բրյուսելում, բայց մենք հարցերն այս ձևաչափով ենք լուծելու: Այսինքն՝ Ռուսաստանը, գուցե, դա ընկալում էր որպես մրցակցություն Արևմուտքի հետ, բայց միանգամից փորձեց այդ թեման փակել»,- նշեց նա:
Վերլուծաբանը շեշտեց, որ Հայաստանը պետք է իմանա, որ ներկայումս առանցքային միջնորդը Ռուսաստանն է, և միևնույն ժամանակ հասկանա, թե Ռուսաստանը ինչ է ուզում ստանալ վերջնարդյունքում: Բաղդասարյանը չի կարծում, որ Ռուսաստանի վերջնանպատակն է ստեղծել տարածաշրջանում կայուն հանդարտ խաղաղություն:
«Նրան այստեղ ավելի շատ պետք է կանխատեսելի վերահսկելի լարվածություն, որպեսզի իրենք դա վերահսկեն, որովհետև հայ-ադրբեջանական տևական լարվածությունը, առանց մեծ պատերազմի, Ռուսաստանին թույլ կտա երկարաձգել իր ներկայությունը տարածաշրջանում, ընդ որում՝ կարևոր ներկայությունը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համար: Եթե Հարավային Կովկասում չկան խնդիրներ, ապա Ռուսաստանի ներկայությունն այստեղ դառնում է անիմաստ»,- հայտարարեց Բաղդասարյանը:
Նրա խոսքերով, Ռուսաստանը կարող է ունենալ որոշակի կայունացնող դեր մեծ պատերազմները կանխելու առումով, բայց, այնումենայնիվ, նա թույլ չի տա, որպեսզի հայ-ադրբեջանական հարաբերությունները վերջնականապես կարգավորվեն և դառնան բարիդրացիական, նրանց այդ լարվածությունը պետք է:
Քաղաքագետի կարծիքով՝ դեմարկացիան և դելիմիտացիան համապատասխանում են Հայաստանի շահերին, եթե ստեղծվելիք հանձնաժողովի հիմքերում դրվեն այն սկզբունքները, որոնց մասին հայկական կողմը մի քանի անգամ բարձրաձայնել է, այսինքն՝ պիտի գիտակցենք, որ այդ գործընթացը մեր համար շատ ցավոտ է լինելու՝ հասկանալով, որ առանց դրա ոչինչ չի ստացվի: Հայաստանը պիտի հասնի ճանապարհների ապաշրջափակմանը այնպես, ինչպես ինքն է պատկերացնում, և ոչ թե միջանցքային տրամաբանությամբ, ինչպես պատկերացնում են Ադրբեջանը և Թուրքիան:
«Այստեղ շատ մտահոգիչ էր, որ Ռուսաստանի նախագահը Սոչիում օգտագործեց «միջանցք» բառը, ճիշտ է նա խոսեց տնտեսական միջանցքների կարևորության մասին, բայց մենք պետք է դեռ հասկանանք, դա ի՞նչ է նշանակում, և դրա տակ գործնականում ի՞նչ կա», – ընգծեց նա:
Նա դրական է համարում դեմիլիտացիայի և դեմարկացիայի ստեղծման փաստը, բայց միաժամանակ մտավախություն ունի, որ Ադրբեջանը կփորձի օգտագործել այդ իրավիճակը և մեծացնի իր ճնշումները: Դելիմիտացիան առաջին հերթին ենթադրում է, որ ադրբեջանական և հայկական ուժերը պիտի հայելային հետ քաշվեն, որպեսզի տարանջատում լինի, սակայն ինչպես միշտ, հայկական ուժերը հետ կքաշվեն, իսկ Ադրբեջանը՝ ոչ, և նույնիսկ առաջ կգա, այսինքն՝ կլինեն նոր բախումներ, լարվածության նոր օջախներ: Հենց որ գործընթացը սկսվի արդեն, դրանից հետո ադրբեջանցիներին ավելի շատ դժվար կլինի առաջ գալ, այդ իսկ պատճառով իրենք կաշխատեն, քանի դեռ չի սկսվել գորընթացը, հնարավորինս առաջ գալ: Բաղդասարյանը կարծում է, որ առաջիկայում կլինի ոչ թե լարվածության թուլացում, այլ հակառակը՝ կհայտնվեն լարվածության նոր օջախներ:
«Այստեղ պատրանքներ ունենալ պետք չի, և պետք չի կարծել, որ այս փաստաթուղթը ստորագրվեց, և հիմա ամեն ինչ լավ է լինելու»,- ասաց նա:
Բաղդասարյանը չի կարծում, որ տեսանելի ապագայում Հայաստանը կարողանալու է ունենալ Ադրբեջանի տարածքով ցամաքային կապ Ռուսաստանի հետ:
«Դա իրատեսական չեմ համարում, ինչպես նաև իրատեսական չէ ունենալ ճանապարհ Թուրքիայի հետ, որովհետև Ադրբեջանը դրա կարիքը չունի, Թուրքիայի հետ կապվելու խնդիր չունի, չէ որ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղին 2017 թվականի հոկտեմբերից արդեն գործում է։ Ադրբեջանը նաև խնդիր չունի Իրանի հետ կապ հաստատելու առումով, Թուրքիան խնդիր չունի Նախիջևանի հետ կապի առումով, այսինքն՝ խնդիրները միայն Հայաստանի համար են»,- հայտարարեց նա:
Վերլուծաբանը գտնում է, որ Թուրքիան և Ադրբեջանը բարի կամք չեն դրսևորի, որպեսզի Հայաստանի այդ խնդիրները լուծեն, և այստեղ պատրանքներ ունենալ պետք չի: