Սեպտեմբերի 14-ին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Սևազգեստ կանայք» կատակերգության փակ դիտումը լրագրողների համար։
Ֆիլմի ուղերձը՝ ինչպես ասվեց ֆիլմի ցուցադրությունից հետո կայացած մամուլի ասուլիսում, ժպիտ պարգևելն ու մարդկանց առօրյա հոգսերից կտրելն է: Ռեժիսորն ու դերասանները նշեցին, որ պետք չէ ամեն ինչում որևէ ուսուցանող բան փնտրել, քանի որ իրենք նպատակ չունեն կրթել կամ դաստիարակել կինոնկարով։
Ռեժիսորն ու դերասանական կազմը ներկայացրել են նաև ֆիլմի ստեղծման պատմությունը, կրած բարդություններն ու հումորային դրվագները:
Ֆիլմը պատմում է մեծահարուստ մի մարդու 4 սիրուհիների մասին, ովքեր մինչ հանգուցյալի մահը չգիտեին միմյանց գոյության մասին։ Ճակատագիրը նրանց բախում է միմյանց հետ իրենց կյանքի գլխավոր տղամարդու հոգեհանգստի օրը։
Բայց սա դեռ ամենը չէ։ Ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում հերոսն ունի նաև օրինական կին, ումից հանգուցյալի դուստրը փորձում է թաքցնել ողջ եղելությունը։
Հետո հեռուստադիտողը հայտնվում է ինտրիգների և բացահայտումների ցիկլի մեջ, ինչը հեռուստադիտողին մատուցվում է հայկական էկրանների լավագույն դերակատարների մասնակցությամբ, հիանալի հումորով և գեղեցիկ խաղով։
Պատասխանելով Armenia Today-ի հարցին՝ ռեժիսորը ներկայացրել է, թե ինչպես են ընտրվել 6 «սևազգեստ կանայք»՝ գլխավոր հերոսուհիներ Ելենա Վարդանյանը (հանգուցյալի օրինական կինը), Դիանա Մալենկոն (հանգուցյալի դուտրը), Լուիզա Ներսիսյանը, Իվետա Մուկուչյանը, Ռոզի Ավետիսովան և Ռոմելա Սարգսյանը (4 սիրուհիները)։
«Ի սկզբանե մտքիս մեջ ունեցել եմ, որ Իվետային կարելի է 2-րդ սիրուհու դերը տալ, ցանկություն կար իր հետ աշխատելու։ Սցենարի առաջին նախադասությունը հենց կարդաց ես հասկացա, որ այս դերն իրենն է։ Ռոմելան եկել էր քաստինգի ուրիշ դերի համար, սակայն ես կարծում եմ, որ իմ ճիշտ ներկայացնելու համար նա հասկացավ, թե ինչ ֆիլմ եմ ուզում ստանալ։ Ամենաշատ քասթինգը իրականացրել եմ Ռոզին հաղթահարել է բոլոր դերասաններին, ովքեր եկել էին այդ կերպարի քասթինգի համար և իրականում ամենաշատ քասթինգը ես արել եմ հենց այդ դերի համար։ Ելենան ամբողջ սցենարը ռուսերեն տառերով հայերեն է գրել և պրոբների ժամանակ ինքը եկել է անգիր արած ամբողջ սցենարով։ Դիանայի հետ կապված՝ ես սցենարը գրելիս արդեն պատկերացրել եմ Դիանային, պատկերացրել եմ, որ նրա տեսքը իդեալական է այդ կերպարի համար»,- մանրամասնում է Գոռ Կիրակոսյանը։
Դերասանուհի Ռոմելա Սարգսյանն առաջին անգամ հանդես գալով բավականին համարձակ կերպարում (մերկապարուհի)՝ նշեց, որ ի սկզբանե հրաժարվել էր այդ դերից։
«Իրականում ինձ քասթինգի կանչելուց առաջ չէին ասել, որ կերպարս այդքան համարձակ է լինելու։ Ես միանգամից հրաժարվում եմ, ասում եմ, որ այդ կերպարն ինձ համար չէ, շատ համարձակ է։ Գոռն ինձ տվեց սցենարը, ասաց կգնաս, կկարդաս, կմտածես հետո կպատասխանես»,- մեր հարցին ի պատասխան պատմեց է Ռոմելան։
Ռեժիսորը պատմում է, որ ֆիլմի նկարահանման համար դերասանները ստիպված են եղել բավականին բարդություններ հաղթահարել։ Օրինակ՝ Ռոմելա Սարգսյանը երկու ամիս հաճախել է մերկապարի դասերի, Լուիզա Ներսիսյանն ու Իվետա Մուկուչյանը ֆլամենկո պարել են սովորել, Ռոզի Ավետիսովան ստիպված է եղել կտրել (ինչպես նկատում է ինքը՝ դերասանուհին խուզել) մազերը, Դիանա Մալենկոն ստիպված է եղել ամբողջ օրը կրել բարձրակրունկներ, սակայն, ինչպես նկատում է Իվետա Մուկուչյանը՝ «մեկ վայրկյան անգամ չի տրտնջացել»: Ամենադժվար փորձությունը, թերևս, բաժին է հասել հանգուցյալին մարմնավորող Արտյոմ Մարկոսյանին, ով ամռան շոգին ստիպված է եղել պարկել դագաղի մեջ և նկարահանումների ընթացքում գրեթե չշնչել։ Նա նաև ներկել է մազերը, որը, ինչպես խոստովանում է դերասանը, արել է կյանքում առաջին անգամ։
Գոռ Կիրակոսյանը հայտնեց Armenia Today-ին, որ պատրաստվում են ֆիլմը ցուցադրել Եվրոպայի և Միացյալ Նահանգների մի շարք քաղաքներում նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին։
Նշենք, որ «Սևազգեստ կանայք» կատակերգությունը մեծ էկրաններ է բարձրացել սեպտեմբերի 15-ին։
Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը հեռուստադիտողին հայտնի է նաև իր «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Կորած մոլորվածը Հայաստանում» և «Ազնիվ գողերը» աշխատանքներով:
Մանրամասները՝ տեսանյութում։