Արցախից բռնի տեղահանված Նարինե Մաթևոսյանը 2023 թվականի հոկտեմբերին ՀՀ Արագածոտնի մարզի Շղարշիկ գյուղում նոր ֆերմա է կառուցել։ Մինչ այդ Նարինեն փորձել է մշտական բնակություն հաստատել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ այնտեղ վաճառելով արցախյան փախլավա։ Հետո հասկացել է, որ ինչպես Արցախում, այստեղ էլ է ուզում սեփական ֆերմա կառուցել։
Այժմ Նարինեն պահում է ոչխարներ, խոզեր, հավեր, նախատեսում է արտադրել բնական կաթնամթերք և գյուղը գրավիչ դարձնել այն զբոսաշրջիկների համար, ովքեր ցանկանում են փորձել գյուղմթերք, արցախյան բաղադրատոմսով պատրաստված ուտեստներ։
Նարինեն ամուսնու հետ չորս երեխա է մեծացնում։ Զույգը նախատեսում է գնել և վերակառուցել առանձնատան մի մասը, որը նրանք վարձակալում են մեկ այլ ընտանիքի հետ, ինչպես նաև հիմնել բանջարանոց, անուշաբույր խոտաբույսերով և բանջարեղենով փոքրիկ այգի՝ տան շրջակայքում, որտեղ աճում են ընկուզենիներ, ինչպես հայրենի Ստեփանակերտում։
Նարինե Մաթևոսյանն Armenia Today-ին պատմել է, թե ինչպե՞ս է կառուցել իր փոքրիկ ֆերման Հայաստանում։
Երեք օր հասանք Հայաստան, առաջին անգամ փորձեցինք Հրազդանում գյուղատնտեսությամբ զբաղվել
«Արցախի Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն գյուղից ենք, ուր ապրել ենք 12 տարի։ Ծաղկաշենում ունեինք տուն, ամեն ինչ շենացրել էինք։ Այնտեղ էլ էինք անասնապահությամբ զբաղվում՝ խոզեր ու թռչուններ էինք պահում։ Դա փոքր ընտանեկան բիզնես էր: Ապրում էինք խաղաղ, հանգիստ։ Չարաբաստիկ պատերազմից հետո բոլորիս կյանքը գլխիվայր շուռ եկավ։ Արցախից ճանապարհ ընկանք սեպտեմբերի 19-ի գիշերը։ Մեր գյուղը մոտ էր Կաշենի հանքին, որտեղ թուրքերն առաջինն էին մտել։ Գյուղացիներին տարհանեցին գիշերվա ժամը 2-ին»,– պատմել է Նարինեն։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո Նարինեն 120 հազար արցախցիների հետ թողել է Արցախում ստեղծածը և տեղափոխվել Հայաստան, որտեղ սկզբում ապրել է Գորիսում, ապա փորձել մշտական բնակության վայր գտնել Հայաստանի այլ շրջաններում:
«Հայաստան հասանք սեպտեմբերի 26–ին։ Չորս երեխաների հետ ահավոր պայմաններում երեքուկես օր ճանապարհ ենք եկել։ Սնունդ ու ջուր չկար, անգամ ջուր լցնելու շիշ չունեինք։ Գիշերվա ժամը մոտ 4-ին ուժասպառ հասանք Կոռնիձոր։ Հետո տեղափոխվեցինք Գորիս, 3-4 օր ապրեցինք ամուսնուս ընկերոջ տանը։ Հետո սկսվեցին մեր դեգերումները Հայաստանի տարբեր մարզերում։ Ամեն տեղ մեզ ասում էին, որ տեղ չկա, մի քանի օր ստիպված էինք գիշերել մեքենայում»,- ասել է Նարինեն։
Իր բիզնեսը հիմնելու առաջին քայլերը Նարինեն ձեռնարկել է Հրազդանում, ուր նրա ընտանիքը մեկ ամիս փնտրտուքներից հետո էր տեղափոխվել։ Այնտեղ ապրում է մորաքույրը։ Նարինեն խմորեղեն է պատրաստել, բայց վաճառքից ստացված հասույթը չի բավականացրել բնակարանի վարձը վճարելու և առաջին անհրաժեշտության մթերքներ գնելու համար
«Հրազդանում Երևանից պատվերներ էի ստանում և պատրաստում փախլավա, ժենգյալով հաց, տորթեր։ Այդ գումարը չէր բավականացնում կոմունալ ծառայությունների և ապրուստի համար, և մենք որոշեցինք զբաղվել գյուղատնտեսությամբ։ Գյուղում տուն վարձեցինք, տեղափոխվեցինք այնտեղ, սկսեցինք անասնապահությամբ զբաղվել»,- պատմել է Նարինեն։
Հրազդանում նա սկսել է զբաղվել ֆերմերային բիզնեսով, և 2024 թվականի մարտին խոզեր է ձեռք բերել։ Ժամանակի ընթացքում, սակայն, ընտանիքը հասկացել է, որ վաճառքից ստացված եկամուտները չեն ծածկում կենդանիների կերակրման և խնամքի ծախսերը: Բացի այդ, խոզերը վարակիչ հիվանդությամբ են վարակվել։
«Շատ անշահավետ բիզնես էր։ 13 խոզի համար երեք օրը մեկ 35-40 հազար դրամի կեր եմ գնել»,- ասել է Նարինեն։
Քանի որ խոզաբուծությունը բավարար շահույթ չէր բերել, ընտանիքը որոշել է ոչխարաբուծությամբ զբաղվել, բայց շուտով հասկացել են, որ այնտեղ, որտեղ ապրում էին Հրազդանում, դժվար կլինի ոչխարաբուծությամբ զբավել։
«Այդ վայրը հարմար չէր ոչխարաբուծության համար»,- պարզաբանել է Նարինեն:
Հարյուրից ավելի ընտանի կենդանիներ՝ բարձր լեռնային Շղարշիկ գյուղի ֆերմայում
Արագածոտնի Շղարշիկ գյուղ տեղափոխվելուց հետո Նարինեի ընտանիքն սկսել է զբաղվել ոչխարաբուծությամբ և թռչնաբուծությամբ:
«Հուլիսի 15-ին տեղափոխվեցինք Արագածոտնի մարզ՝ Թալինի շրջանի Շղարշիկ գյուղ։ Մեր գյուղը շատ գեղեցիկ է: Այն բարձրադիր է, առատ աղբյուրներով, որոշել ենք հաստատվել այստեղ»,- ասել է Նարինեն՝ առաջարկելով միասին բարձրանալ սարեր, որտեղ արածում է ոչխարների հոտը:
Ցույց տալով ոչխարների արոտավայրը՝ պատմել է, որ գյուղը փոքր է, բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ։ Նարինեի խոսքով՝ գյուղում խոտը շատ է, մեկ կապոցն արժե 900 դրամ, օրական 32 ոչխար կերակրելու համար 2-3 կապոց է ծախսվում:
«Օրն սկսվում է վաղ առավոտից. հասցնել անասուններին կերակրել և այգին ջրել, երեխաներով զբաղվել: Ունենք երեք դպրոցական: Փոքրը հինգ տարեկան է, հաճախում է նախակրթարան»,- պատմում է Նարինեն։
Տեղափոխվելուց հետո Նարինեի ընտանիքը որոշել է օգտվել բռնի տեղահանված արցախցիների համար բնակարանների սուբսիդավորման պետական ծրագրից։ Պատրաստվում են ձեռք բերել ու ավարտին հասցնել այն տան մի մասի վերակառուցումը, որն այժմ վարձակալում են: Դրա համար Նարինեն ևս 1,5 մլն դրամ վարկ է վերցրել։ Այժմ նրանք վարձակալում են երկհարկանի առանձնատան կեսը, որի երկրորդ մասը վարձակալում է մեկ այլ ընտանիք։ Հիմա Նարինեի ֆերմայում կա 32-ից ավելի հավ, 100 գլուխ ոչխար և մեկ տասնյակ խոզ: Վերջիններիս Նարինեն որոշել է վաճառել, որպեսզի ավելացնի ֆերմայում ոչխարների գլխաքանակը։
«Ոչխարի միսը թանկացել է, կիլոգրամն արժե առնվազն 3500 դրամ, բարձր գները կայուն պահպանվում են։ Խոզի միսը, հակառակն, էժանանում է, չնայած այն հանգամանքին, որ սնունդը բավականին թանկ է։ Բացի այդ, ոչխարաբուծությունն ապահովում է ոչ միայն միս, այլև կաթ, ճարպ և բուրդ: Դրա համար էլ որոշեցի հրաժարվել խոզերից ու ոչխարաբուծությամբ զբաղվել»,- ասել է Արցախից բռնի տեղահանված կինը։
Ոչխարների կեսը Նարինեի ընտանիքին հաջողվել է ձեռք բերել խոզերի դիմաց, մյուս կեսը գնել են՝ վճարելով 65 հազար դրամ մեկ գլխի համար:
«Հինգ գլուխ ձեռք ենք բերել արցախցիներին աջակցելու ծրագրի շրջանակներում, 30 հավ գնելու համար մեզ գումար է հատկացրել Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամը, ևս երկու աքլոր ենք գնել։ Դրանք տնային, երևանյան տեսակի հավեր են»,- ասել է Նարինեն։
Գարնանը նա իր ֆերմայում արդեն կկարողանա ոչխարի կաթ ստանալ։ Նա խոստովանում է, որ ոչխարի կաթը չափազանց բարձր յուղայնություն ունի, և որպեսզի, օրինակ, վաճառքի համար պանիր արտադրի, անհրաժեշտ է նաև կովի կաթ, թեպետ կովեր պահելու հնարավորություն դեռ չկա։
Նարինեի խոսքով՝ այդ հարցը լուծելուց հետո իրենք, հնարավոր է, գնան քաղաք և իրենց արտադրանքը վաճառեն։ Կինն ասում է՝ ոչխարներն էլ են հիվանդանում դեղնախտով, բրուցելոզով, բայց դեղորայքն այնքան էլ թանկ չէ։ Նրա խոսքով՝ ձմեռը դեռ առջևում է, ուստի շահույթի և վնասի մասին խոսելը դեռ վաղ է։ Կարևորն առաջին ձմեռն ապրելն է, կարծում է Նարինեն՝ ցույց տալով ամառային գոմը։ Նա նշել է, որ այն դեռ բարեկարգ չէ, ձմռանը շատ ցուրտ կլինի, և ոչխարները կարող են չդիմանալ, իսկ անասնագոմը բարեկարգելու համար ներդրումներ են պետք։
Պետության աջակցությունը Նարինեն ստացել է հիմնականում բնակարանի վարձի փոխհատուցման տեսքով (40+10 հազար դրամ)։ Միաժամանակ նա նշել է, որ ոչ բոլոր տեղահանվածներն են օգտվում դրանից, քանի որ այդ նպաստը չեն տրամադրում գույքի որոշակի կատեգորիաների առկայության դեպքում։ Նրա ընտանիքը հին մեքենա ունի, որով եկել են Արցախից, և դրա պատճառով նպաստ չեն վճարում։ Նարինեի կարծիքով՝ բազմազավակ ընտանիքների համար այդ սահմանափակումները պետք է վերանայել:
«Բայց մենք՝ արցախցիներս, տոկուն ենք, հույսը ոչ թե պետության օգնության, այլ միայն մեզ վրա ենք դնում։ Մենք ինքներս պայքարում ենք»,- ընդգծել է բռնի տեղահանված կինը։
Արցախցի գործարարներին օգնելը, ըստ Նարինեի, պետք է հասցեական լինի։
«Պետությունը պետք է օգնի արցախցի գործարարներին։ Թե ինչ հնարավորություններ կունենա պետությունն ինձ օգնելու, չգիտեմ»,- ասել է Նարինեն։
Նրա խոսքով՝ աջակցության նման միջոցների թվում սկսնակ գործարարներին հարկային արձակուրդներ են հարկավոր։
«Թող գոնե մի քանի ամիս ժամկետով կամ գոնե առաջին տարում հնարավորություն տան ոտքի կանգնել, բիզնես զարգացնել, որից հետո արդեն կկարողանանք հարկատու դառնալ»,- հավելել է նա:
Նարինեն շատ ծրագրեր ունի։ Գարնանը հյուրատուն դարձնելու նպատակով ցանկանում է կահավորել կացարանը, զարգացնել գյուղական զբոսաշրջությունը։
«Եթե ստացվի, փոքր քոթեջ ենք ուզում կառուցել, որ մարդիկ գան ու արցախյան ուտեստներ համտեսեն»,– ասել է կինը:
Հայաստանում տունը կահավորելով՝ Նարինեն չի կորցնում հայրենի Արցախ վերադառնալու հույսը։
«Արցախից ինձ հետ 2 քար էի վերցրել և մի բուռ հող։ Այդ մի բուռ հողը կանաչել էր ու ծիլեր էր տվել, հետո չորացավ։ Բայց հիմա նորից կանաչել է՝ նորից հույս է տալիս, որ մի օր գնալու ենք հայկական Արցախ»,– նշել է նա՝ ցույց տալով պատուհանի մոտ գտնվող ծաղկամանում աճած կանաչ ծիլերը: