Մեր կողմից Պուլիցերյան մրցանակակիրներին ներկայացնելուց հետո, մենք շարունակում ենք գրական ուղեցույցը՝ այս անգամ Ձեզ ներկայացնելով Նոբելյան մրցանակակիրներին: Այսօր Ձեզ ենք ներկայացնելու Պաբլո Ներուդային։
Գրականության Նոբելյան մրցանակն ամենամյա տրվող հեղինակավոր մրցանակ է, որը շնորհվում է Նոբելյան ֆոնդի կողմից՝ գրականության ոլորտի ձեռքբերումների գնահատման համար։ Մրցանակաբաշխությունը կայանում է ամեն տարի Նոբելյան կոմիտեի կողմից Ստոկհոլմում։
Այսօրվա մեր հեղինակը Պաբլո Ներուդան է։
Պաբլո Ներուդան չիլիացի բանաստեղծ, դիվանագետ և քաղաքական գործիչ է, ինչպես նաև Չիլիի հանրապետության սենատոր, Չիլիի կոմունիստական կուսակցության անդամ։ Ներուդան Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր է։ Փոքր տարիքում Պաբլո Ներուդան շատ էր սիրում կարդալ և արդեն տասը տարեկանում սկսում է գրել բանաստեղծություններ։ Շուրջ երկու տարի անց Պաբլո Ներուդան հանդիպում է չիլիական գրականության կարկառուն ներկայացուցիչ բանաստեղծուհի Գաբրիելա Միստրալին, ով մեծ ներդրում է ունենում տղայի գրական առաջին քայլերն անելու ընթացքում։ Հետագայում Գաբրիելա Միստրալի և ևս երկու չիլիացի գրողների հետ մեկտեղ Պաբլո Ներուդան մտնում է չիլիական գրականության լավագույն քառյակ։
Ձեզ ենք ներկայացնում մի հատված գրողի Նոբելյան բանախոսությունից․
«Անհաղթահարելի մենակություն գոյություն չունի։ Բոլոր ուղիները տանում են դեպի միևնույն նպատակը․ պատմել ստեղծագործական երևակայության շնորհիվ, թե ո՞վ ենք մենք։ Ես ծնվել եմ մի հեռավոր երկրում՝ լեռների մեջ, աշխարհից կտրված։ Ես աշխարհի ամենահուսահատ պոետն էի և իմ պոեզիան մշուշված էր, կոտրված։ Սակայն, ես միշտ հավատացել եմ մարդուն և երբեք չեմ կորցրել հույսս»: