Կորոնավիրուսի հարցով զբաղվող քննիչ հանձնաժողովի կազմը հաստատվել է, և շուտով կսկսի իր գործունեությունը։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին տեղեկացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։
Կորոնավիրուսի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովը գլխավորում է Արկադի Խաչատրյանը։
Նա հիշեցրեց, որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների նախաձեռնությամբ ստեղծվել է հանձնաժողով, որը կուսումնասիրի նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու, վիրուսի դեմ պայքարի, համավարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը։
ԼՀԿ-ական պատգամավորը շեշտեց, որ այս հանձնաժողովի ստեղծման նպատակն է գտնել թերացումները և հաջորդ անգամ նման վարակների կանխարգելման աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպել։
Հանձանաժողովը նաև պատրաստ է համագործակցել բոլոր այն անհատների հետ, որոնք պատրաստակամություն կունենան օգնել իրենց մասնագիտական ու փորձագիտական կարողություններով։
Հիշեցնենք, որ, պատերազմական իրավիճակով պայմանավորված, քննիչ հանձնաժողովի ձևավորումը հետաձգվեց, սակայն, հունվարի 12-ին ԱԺ նախագահի կարգադրությամբ հաստատվել է քննիչ հանձնաժողովի կազմը։