Ինչպես նշեցի այսօրվա Կառավարության նիստում և երեկ՝ ԱԺ-ում, մենք ունենք կորոնավիրուսային թվերի աճ, և դրական թեստավորվածների քանակը հասել է 16 տոկոսի: Վերջին ամիսների կառավարելի վիճակը բոլորիս զգոնությունը թուլացրել էր: Բայց այսօր պետք է հստակ գիտակցենք, որ ունենք շանս՝ կանխարգելելու, զսպելու դեպքերի աճը և պետք է անենք ամեն ինչ, որպեսզի պաշտպանենք մեր առողջությունը, տնտեսությունը՝ հետագա սահմանափակումների չգնալու համար:
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Հարցին, թե արդյոք հանրահավաքների կազմակերպումը չէ՞, որ բերում է այսպիսի թվային աճի, որոնց ի դեպ ինքն էլ է մասնակցել, Ավանեսյանն ասաց.
«Այո, ես էլ եմ մասնակցել միտինգներին, միշտ եղել եմ դիմակով և բոլորին հորդորում եմ լինել դիմակով»:
Հարցին, թե օրինակ, Նիկոլ Փաշինյանին և վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին հորդորե՞լ է մարտի 1-ի հանրահավաքին ներկայանալ դիմակով, նախարարը պատասխանեց, որ իր հորդորն ուղղված է բոլորին։