Gallup international Association-ի հայկական գրասենյակը 2021 թվականի ապրիլի 17-19-ը ՀՀ 1000 բնակչի շրջանում ուսումնասիրություն է անցկացրել պատվաստանյութերի կիրառման մասին։ Հարցումների արդյունքում պարզվել է, որ բնակչության 48.1%-ը ցանկանում է պատվաստվել, իսկ 51.9%-ը՝ ոչ։
Հարցին, թե ինչ պատվաստանյութով են ցանկանում պատվաստվել, հարցվածների 75,8%-ը պատասխանել է՝ ռուսական արտադրության «Սպուտնիկ V»-ով, 9,2%-ը՝ բրիտանական արտադրության AstraZeneca-ով, 0,6%-ը՝ բացի «Սպուտնիկ V»-ից ու AstraZeneca-ից՝ ցանկացածով, 2,9%-ը պատասխանել է, որ արտադրող երկիրը նշանակություն չունի, իսկ 10,5%-ն ասել է, որ դժվարանում է պատասխանել։
Ռուսական արտադրության «Սպուտնիկ-V» պատվաստանյութով Հայաստանի գյուղական համայնքներում ցանկանում է պատվաստվել 78,9%-ը, այլ քաղաքներում՝ 70,5%-ը, իսկ Երևանում՝ 76,5%-ը, այն դեպքում, երբ AstraZeneca-ով պատվաստվել ցանկանում է գյուղական համայնքների բնակիչների 6,9%-ը, այլ քաղաքների 10,1%-ը և Երևանի 10,9%-ը։
Ռուսական արտադրության «Սպուտնիկ-V» պատվաստանյութով պատվաստվել ցանկացողների 86,4%-ը 65-ից բարձր տարիքի քաղաքացիներն են, 81,6%-ը՝ 55-64, 74,4%-ը՝ 45-54, 72,6%-ը՝ 35-44, 72,8 %-ը՝ 25-34, իսկ 68,1%-ը՝ 18-24 տարեկան քաղաքացիներն են։
Այլ է պատկերը AstraZeneca-ի դեպքում․ 2.5%-ը 65-ից բարձր տարիքի քաղաքացիներն են, 3,9 %-ը՝ 55-64, 7,3%-ը՝ 45-54, 11,3%-ը՝ 35-44, 5,4%-ը՝ 25-34, իսկ 23,4 %-ը՝ 18-24 տարեկան քաղաքացիներն են։
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ Երևանում պատվաստման գործընթացը սկսվել է ապրիլի 13-ից, մարզերում՝ ապրիլի 14-ից։ Ավանեսյանը նշել է, որ AstraZeneca դեղամիջոցով պատվաստումը Հայաստանում կթույլատրվի միայն 55 տարեկանից բարձր քաղաքացիներին: