Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին սիբիրյան խոցից բուժում է ստանում երեք մարդ: Այս մասին Armenia Today-ի թղթակցին ասաց հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը՝ հավելելով, որ հիվանդության նոր դեպքեր չեն գրանցվել:
«Տասը հիվանդներից յոթը դուրս են գրվել հիվանդանոցից: Այս պահին երեք վարակվածներ ստացիոնար բուժում են ստանում: Նրանց վիճակը գնահատվում է որպես մեղմ, դուրս կգրվեն առաջիկա օրերին»,- ասաց Բեյբությանը:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին և հուլիսի 1-ին Շիրակի մարզի Իսահակյան գյուղի յոթ բնակիչներ սիբիրյան խոցի նախնական ախտորոշմամբ տեղափոխվել էին Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց: Ավելի ուշ ևս երեքը հոսպիտալացվել էին:
Սիբիրյան խոցը կենդանիների և մարդկանց սուր վարակիչ հիվանդություն է, որը բնութագրվում է սեպտիկեմիայով՝ մաշկի, աղիների, թոքերի վնասվածքներով: