Չեմ կարող ասել, թե որքան իրանցու կարող ենք պատվաստել, դա կախված է նրանից, թե որքան պատվաստանյութ կունենանք։ Մենք նաև շատ ճկուն պետք է կարողանանք կառավարել մեր մնացորդները, որ մեր քաղաքացիները որևէ կերպ պատվաստանյութի պակաս չունենան։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով իրանցիների հոսքին, որոնք Հայաստան են գալիս պատվաստվելու համար։
Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ մասնավորապես Հյուսիսային պողոտայում կուտակումներ են առաջացել պատվաստման շրջիկ կենտրոնների մոտ։ Իրանից ժամանած մեր հյուրերն անգամ գիշերում են մայրաքաղաքի կենտրոնում։
Հարցին՝ սա առողջապահական տուրի՞զմ է, նա պատասխանել է․
«Այն երկրներում, որտեղ ծառայությունները լավ որակով են տրամադրվում, դա հետաքրքրություն է առաջացնում նաև օտարերկրացիների համար»։
Դիտարկմանը, թե մայրաքաղաքի կենտրոնն անհասականլի վիճակում է, Հյուսիսային պողոտան անօթևանների բնակատեղի է հիշեցնում՝ նա պատասխանեց․
«Խնդրում եմ, ձևակերպումները զգույշ ընտրել, կոռեկտ խոսել մեր հյուրերի մասին։ Այո, մենք ուզում ենք ամեն ինչ անել, որ ծառայություններից օգտվելիս կուտակումներ ու հերթեր չլինեն, դրա համար էլ հերթագրման մեքենաներ ենք կազմակերպում»։
Նա հայտնեց, որ այսօրվա դրությամբ Հայաստանում, ընդհանուր առմամբ, պատվաստվել է 111 հազար մարդ։