Այսօր ՀՀ կառավարությունը հերթական նիստում քննարկել է COVAX, COVAX մեխանիզմների շրջանակում կորոնավիրուսից Sinopharm (Չինաստան) և Pfizer (Գերմանիա) պատվաստանյութերի գնման հարցը, որը միավորում է կառավարություններին և արտադրողներին՝ նպատակ ունենալով պատվաստանյութերով ապահովել COVID-19 պանդեմիայի դեմ առավել կարիքավոր բնակչությանը՝ անկախ նրանց կարգավիճակից և բնակության վայրից:
Հայաստանի կառավարությունը կգնի կորոնավիրուսի դեմ Sinopharm (Չինաստան) և Pfizer/BioNTech (Գերմանիա-ԱՄՆ-Չինաստան) պատվաստանյութերը։
«Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման շրջանակներում պատվաստումների գործընթացը անխափան և արդյունավետ շարունակելու նպատակով Առողջապահության նախարարությունը հնարավորություն է ստացել ձեռք բերել նաև չինական Sinopharm և գերմանական Pfizer ընկերությունների կողմից արտադրված պատվաստանյութերը, որի արդյունքում բնակչության ընդհանուր թվում պատվաստանյութ ստացողների տեսակարար կշիռը կավելանա ևս 10%-ով (500 000 դեղաչափ, 250 000 անձ` 2 դեղաչափով): Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երաշխավորել է նշված պատվաստանյութերի կիրառումը արտակարգ իրավիճակների ժամանակ, ընդ որում՝ Sinopharm ընկերության պատվաստանյութը կիրառելի է նաև 3-17 տարեկան անձանց համար»,- նշվում է որոշման հիմնավորման մեջ։
Նախագծի համաձայն՝ 50 հազար դեղաչափ պատվաստանյութերի գնման համար կառավարությունը նախատեսում է հատկացնել 3,4 մլն դրամ։ Նշենք, որ հուլիսի 26-ին լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թվի որոշակի աճ է նկատվում։ Նախարարի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները բանակցություններ են վարում ԱՄՆ կառավարության հետ Moderna պատվաստանյութի մատակարարման շուրջ։ Հուլիսի 25-ի դրությամբ՝ երկրում պատվաստվել է ավելի քան 150 հազար մարդ։ Իսկ հուլիսի 28-ի դրությամբ՝ Հայաստանում բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 4287 հիվանդ։
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ պատվաստումների նկատմամբ ակտիվությունն անընդհատ աճում է, և արդեն 163 հազար պատվաստում է իրականացվել։
Մանրամասները՝ տեսանյութում։