Վերջին երկու շաբաթվա վիճակագրությունը վկայում է կորոնավիրուսային համաճարակի աճի մասին: Այս մասին «Հանրային հեռուստաընկերության» տված հարցազրույցում ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարի խոսքով՝ աշնան սկզբին դեպքերի թվի աճ կլինի։ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ վարակակիրների թվի աճը կապված է լինելու նոր ուսումնական տարվա մեկնարկի, հանգստյան գոտիներ այցելությունների և առևտրի աճի հետ: Այս բոլոր ռիսկի գործոնները կպահանջեն բարձրացված զգոնություն:
Նրա տեղեկացմամբ՝ վերջին ուսումնասիրություններով՝ Հայաստանում վերցված 30 նմուշներից 25-ում դելտա շտամներ են եղել, ինչը հասկանալի է՝ հաշվի առնելով այս շտամի տարածվածությունը տարածաշրջանում։
Նախարարը ևս մեկ անգամ կարևորել է իրենց քաղաքականությունը, եթե անձը հրաժարվում է պատվաստվելուց, ուրեմն ՊՇՌ թեստ կհանձնի, որպեսզի հավաստի լինի նրա՝ վարակված չլինելու փաստը։
Նա հայտնեց, որ մշակել են որոշակի փոփոխությունների փաթեթ, որն առաջիկայում կընդունվի։
«Հոկտեմբերի 1-ից դիտարկում ենք պատվաստված չլինելու պարագայում ժամանակ առ ժամանակ ՊՇՌ թեստ հանձնելու պարտականությունը, որովհետև սա միայն կոնկրետ անձի առողջությանը չի վերաբերում։ Փոփոխությունները վերաբերելու են բոլոր տեսակի տնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերությունների՝ հանրային սննդի օբյեկտների աշխատակիցներին, ինչպես նաև ուսհաստատություններին, պետական կառավարման մարմիններին»,- մանրամասնեց նախարարը։
Հիշեցնենք, որ այսօր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 504 նոր դեպք։