Առողջապահության նախարարության հետ որոշում կա դասապրոցեսը առկա եղանակով սկսելու մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա նշեց՝ դասերը կանցկացվեն համաճարակային պայմանների խիստ պահպանմամբ, իսկ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի աշխատակիցների, ուսուցիչների, պրոֆեսորադասախոսական կազմի համար անընդհատ, երկու շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պահանջը։ Բացառություն կկազմեն այն դեպքերը, երբ անձինք ունեն պատվաստման հավաստագիր կամ պատվաստման որևէ հակացուցում, օրինակ, հղիություն։
«Մենք չենք խոսում պարտադիր պատվաստումների մասին։ Մենք ասում ենք, որ ունենք խնդիր՝ լարված համաճարակային վիճակ։ Պետք է որոշակի միջոցառումներ կիրառել՝ պահպանել մարդու կյանքի իրավունքը, ինչը պետության, կառավարության պարտականությունն է։ Հանրային շահը գերակայելով՝ կառավարությունը հոգացել է պատվաստման ամբողջական անվճար լինելը։ Քաղաքացին առանց որևէ կոպեկ վճարելու կարող է պատվաստվել»,- ասաց նախարարը։