ՀՀ առողջապահության նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հանրությանն ամենահետաքրքրող հարցերին, պարզաբանումներ ներկայացրել կորոնավիրուսային հիվանդության դեմ իրականացվող պատվաստումների բժշկական հակացուցումների մասին։
Ըստ ԱՆ-ի՝ պատվաստումների բժշկական հակացուցումները լինում են բացարձակ և ժամանակավոր: Պատվաստումների միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից հետո առաջացած անաֆիլաքսիան է կամ ծանր ալերգաբանական ռեակցիան (տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ) պատվաստանյութի կամ պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ:
Պատվաստման ժամանակավոր հակացուցումներն են սուր հիվանդությունները՝ միջին և ծանր ընթացքով, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների սրացումը: