Նոր համաճարակի նախապատրաստման համար մարդկությունը դեռ բավարար ջանքեր չի գործադրում։ Այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտնել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը։
«Համաճարակի հակազդման նախապատրաստմանն այժմ ավելի քիչ ուշադրություն է հատկացվում, քան ես սպասում էի։ Ես մի փոքր անհանգստանում եմ այն պատճառով»,-ասել է նա։
Միլիարդատիրոջ կարծիքով՝ աշխարհը կարելի է համաճարակին պատրաստ համարել, երբ մարդիկ սովորեն պատվաստանյութ ստեղծել 100 օրվա ընթացքում:
Գեյթսը պարզաբանել է, որ այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ է ունենալ գործարաններ, որոնք կարող են պատվաստանյութեր պատրաստել ամբողջ աշխարհի համար այդ 100 օրվա ընթացքում: Գործարարը վստահ է, որ նման խնդիրն իրագործելի է։ Բացի այդ, նա հերթական անգամ կարևորել է եկամտի տարբեր մակարդակներ ունեցող երկրների շրջանում պատվաստանյութերի հասանելիության խնդրի լուծումը։
Բիլ Գեյթսը պանդեմիայի սպառնալիքի մասին նախազգուշացրել էր դեռ 2015-2016 թվականներին։ Գործարարն դեռ այն ժամանակ էր իր մտահոգությունը հայտնել այն մասին, որ աշխարհը չի կարող բավականաչափ արագ և արդյունավետ արձագանքել հիվանդությանը։ Այդ ժամանակ նա ենթադրում էր, որ առաջիկա տասնամյակում մարդկությունը կարող է բախվել մահացու գրիպի վիրուսի տարածմանը։ Ինչ վերաբերում է Covid-19-ին, ապա Microsoft-ի հիմնադիրը կարծում է, որ մարդիկ կկարողանան զսպել այն 2022 թվականից ոչ շուտ: