Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված բավական լարված իրավիճակ ունենք։ Այս պահի դրությամբ 20 բժշկական կենտրոն ամբողջությամբ կամ մասամբ ծառայում է կորոնավիրուսով հիվանդների բուժմանը, և այս շաբաթվա ընթացքում հիվանդանոցների թիվը կավելանա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մեր մահճակալային ռեսուրսներն ամբողջությամբ պատրաստ են։ Դելտա շտամի առանձնահատկությունն է, որ ավելի շատ հոսպիտալացման կարիք ունենք, և ծանր ու ծայրահեղ ծանր դեպքերի քանակն էլ ավելի շատ է, քան նախորդ ալիքների ժամանակ»,- նշեց նախարարը։
Խոսելով ՊՇՌ թեստերի գնի նվազման մասին՝ Անահիտ Ավանեսյանն ասաց, որ գնային քաղաքականությունն առողջապահության նախարարության լիազորությունների մեջ չի մտնում։
«Կարծում եմ՝ կան շուկայի օրենքներ, որոնք կարգավորում են։ Նշեմ, որ պատվաստումները կանխարգելիչ նշանակություն ունեն և նվազեցնում են հիվանդության ծանր դեպքերը, ինչպես նաև մահվան ռիսկերը»,- ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նախագծին, որի համաձայն՝ գործատուն կարող է ազատել աշխատակցին, եթե նա 14 օրը մեկ չներկայացնի ՊՇՌ թեստի բացասական արդյունք։ Բացառություն կկազմեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող փաստաթուղթը, հղիությունը կամ բժշկական հստակ հակացուցումները։
Նշենք, որ մի խումբ քաղաքացիներ ընդդեմ այս որոշման բողոքի ցույց են անցկացրել առողջապահության նախարարության շենքի դիմաց։