Կառավարության սեպտեմբերի 7-ի նիստում հաստատվեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Առողջապահության նախարարությանը 2 միլիարդ 365 միլիոն դրամ հատկացնելու առաջարկը։
Ըստ ԱՆ-ի՝ հանրապետության տարածքում ներկայում առկա իրավիճակով պայմանավորված կորոնավիրուսային վարակի (COVID-19) արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման նպատակով անհրաժեշտ միջոցառուների ծախսերը պատշաճ և ժամանակին իրականացնելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել Առողջապահության նախարարությանը գումար հատկացնել։
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակում անհրաժեշտ գնոււմների իրականացվում են ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 12-ի որոշման համաձայն:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ կառավարությունը ամբողջությամբ կփոխհատուցի քաղաքացիների՝ կորոնավիրուսի բուժման ծախսերը: Նախարարը նշել է, որ բուժման գործընթացում ներգրավված են հանրապետության 20 բուժհաստատություն, զբաղված է 2226 հիվանդանոցային մահճակալ:
Ընդհանուր առմամբ, ակտիվ դեպքերի շարքում, որոնց թիվը գերազանցում է 14 հազարը, միայն 76-ն էին նախկինում ամբողջությամբ պատվաստված: Սա հուշում է, որ պատվաստումը կանխում է հիվանդության ծանր և հատկապես ծանր դեպքերի տարածումը՝ դրանով իսկ նվազեցնելով առողջապահական համակարգի բեռը:
Նախարարը նշեց, որ պատվաստման տեմպերն աճել են, սակայն դրանք բավարար չեն: Ավելին, կան մի խումբ մարդիկ, ովքեր միտումնավոր տորպեդահարում են պատվաստման գործընթացը՝ օգտագործելով տեղեկատվական դաշտը և մոլորեցնելով հանրությանը:
«Այս անձինք մեծ պատասխանատվություն են կրում քաղաքացիների մահվան համար, այդ թվում ՝ նախորդ օրը գրանցված 26 մահերի համար»,- ասաց Ավանեսյանը: