Ֆրանսիայի Hôpital Simone Veil հիվանդանոցի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Հայկ Վարդանյանը Armenia Today-ին տված հարցազրույցում «Խոսենք գլխավորի մասին» ծրագրի շրջանակում պատմել է այն ռիսկերի մասին, որոնք նա տեսնում է Հայաստանում կորոնավիրուսային վարակի և հիվանդությունից մահացության ներկա թվերի պայմաններում: Բժիշկը նաև գնահատել է Հայաստանում պատվաստումների մակարդակը և կորոնավիրուսի դեմ պայքարում երկրի առողջապահության նախարարության միջոցները, ինչպես նաև մեկնաբանել է պատվաստումների վերաբերյալ ամենատարածված առասպելները:
Վարդանյանն ափսոսանք է հայտնել այս տարվա մայիսին իր նախորդ այցի ժամանակ եղած Հայաստանի համաճարակաբանական իրավիճակի կտրուկ վատթարացման կապակցությամբ: «Շատ տխուր է, որ մենք հասել ենք դրան»,- ասել է բժիշկը՝ կիսվելով իր տպավորություններով՝ կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող մայրաքաղաքի երկու խոշոր մասնագիտացված հիվանդանոցներ այցելելու հետ կապված։
Վարդանյանը կարծում է, որ այդ ծանր իրավիճակի պատճառներից մեկը հանրային վայրերում`խանութներում, տրանսպորտում և մարդաշատ վայրերում դիմակներ կրելու ռեժիմի համատարած խախտումն է:
Գնահատելով պատվաստումների արշավը՝ Վարդանյանը շեշտել է դրա արդյունավետության չափազանց ցածր մակարդակը՝ հավելելով, որ տեղյակ է պատվաստումների թվի ավելացման հետ կապված կառավարության միջոցառումներից:
Վարդանյանի խոսքով՝ այսօր կորոնավիրուսով վարակվածների թիվը տոկոսային հարաբերությամբ ավելացել է, քանի որ այս հիվանդության դեմ լիարժեք բուժում չկա, և պատվաստումը մնում է «միակ փրկությունը» այդ վիրուսից:
«Որոշ մարդիկ ամեն տեսակի հիմարություններ են ասում պատվաստումների վերաբերյալ, այդ թվում՝ բժիշկները, ինչը շատ վտանգավոր է: Մենք պետք է արգելենք նրանց բժշկական պրակտիկան, ինչպես դա արվում է Ֆրանսիայում: Դա անընդունելի է: Գրագետ բժիշկը չի կարող դա ասել, նա կա՛մ հիմար է, կա՛մ իր ժողովրդի թշնամին է: Սրտիցս արյուն է կաթում, երբ տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ վարվում և ինչ են ասում»,- ասում է նա և ավելացնում, որ եթե պատերազմում պարտությունը, որոշ չափով, մեզնից կախված չէր, ապա կորոնավիրուսի դեմ պայքարում մենք պետք է հաղթենք:
Բժիշկը վստահ է, որ պատվաստանյութերի ի հայտ գալով վերջապես հնարավոր է խուսափել բազմաթիվ զոհերից: «Այս պատերազմը շարունակվում է, վիրուսը կարող է դեռ շատ կյանքեր խլել»,- հայտարարել է Վարդանյանը:
Հայաստանում և այլ երկրներում պատվաստումների հետ կապված իրավիճակը համեմատելով՝ բժիշկը արձանագրել է, որ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից և Ինֆեկցիոն հիվանդանոցից իր գործընկերները հայտնվել են շատ ծանր վիճակում, և կրկին հորդորել է բնակչությանը պատվաստվել: Որպես օրինակ՝ նա բերել է Ֆրանսիան և Իսրայելը, որտեղ պատվաստվել է բնակչության մոտ 80 տոկոսը:
Հայկ Վարդանյանը հույս է հայտնել, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած այն պահանջները, որոնց համաձայն`ամիսը երկու անգամ չպատվաստված քաղաքացիներից կպահանջվի թեստավորում անցնել, կտան իրենց պտուղները և զգալիորեն կդանդաղեցնեն վիրուսի տարածումը:
Բժիշկը շեշտել է, որ պատվաստումը 85-90 տոկոսով պաշտպանում է մարդկանց հիվանդության ծանր ձևից: «Կոպիտ ասած, պատվաստված անձը չի մահանա: Նույնիսկ եթե նա վարակված է, նրա հիվանդությունը կանցնի մեղմ ձևով: Պատվաստումը նվազագույնի է հասցնում մահվան վտանգը բոլորի համար՝ անկախ նրանից, թե ինչ իմունային համակարգ ունեք»,- ընդգծել է բժիշկը:
Ինչ վերաբերում է արդեն պատվաստված մարդկանց կորոնավիրուսով կրկին վարակվելուն, ապա, ըստ նրա, նման հավանականություն կա, բայց տոկոսային առումով շատ փոքր է:
Վարդանյանը հաստատել է, որ պատվաստված անձը կարող է նորից վարակվել և վարակել մյուսներին, սակայն նա 10-12 անգամ ավելի քիչ հավանական է, որ վարակվի կորոնավիրուսով՝ համեմատած չպատվաստված մարդկանց հետ, իսկ մյուսներին վարակելու ռիսկը նույնպես նվազում է 6 անգամ: Այսինքն, եթե հիվանդ մարդը կարող է վարակել 1-5 մարդու, ապա պատվաստումից հետո այդ ցուցանիշը կկազմի 00.5-00.6%: Այսպիսով, պատվաստումը մեծապես կդանդաղեցնի հիվանդության տարածումը,արդյունքում՝ համաճարակը կավարտվի, վստահ է նա:
Վերոնշյալի համատեքստում ֆրանսիացի բժիշկն աջակցել է Հայաստանում հարկադիր պատվաստման վերաբերյալ կառավարության որոշմանը` հիշեցնելով, որ Ֆրանսիայում այդ օրենքն ընդունվել է օգոստոսի 5-ին: Այս որոշման շնորհիվ Ֆրանսիայում կտրուկ նվազել է կորոնավիրուսով հիվանդացությունը: Իհարկե, Ֆրանսիայում կային պատվաստումների հակառակորդներ, նրանք կան նաև այսօր, բայց երկրի գործնականորեն բոլոր բժիշկներն արդեն պատվաստված են, ինչպես նաև ամբողջ բուժանձնակազմի 97 տոկոսը, և այն աշխատակիցները, որոնք հրաժարվել են պատվաստվելուց, ազատվվել են աշխատանքից: Վարդանյանը նաև հայտնել է, որ Ֆրանսիայում բուժաշխատողները պետք է պատվաստվեն հինգ անգամ: «Ես այստեղ մարդու իրավունքների ոտնահարում չեմ տեսնում: Այդ մասին բոլոր խոսակցությունները դեմագոգիա են»,- ընդգծել է բժիշկը:
Բժիշկ Վարդանյանը Հայաստանի առողջապահության նախարարության կորոնավիրուսների դեմ պայքարի միջոցառումները «թույլ» է անվանել:
«Կարծես թե մարդիկ ամենուր գնում են առանց դիմակների: Այն զգացումն է, թե մարդիկ լիովին հանգստացել են: Ընդհանուր ֆոնն այսպիսին է. պետությունը պատշաճ կերպով չի տեղեկացնում բնակչությանն այդ վտանգավոր հիվանդության մասին: Եվ այստեղ մասնագետները պետք է ասեն իրենց խոսքը. թող նրանք բանավեճեր կազմակերպեն պարտադիր պատվաստման կողմնակիցների և հակառակորդների միջև»,- ասում է Վարդանյանը:
Մեկնաբանելով մարդու վերարտադրողական գործառույթի վրա կորոնավիրուսի բացասական ազդեցության մասին լուրերը՝ բժիշկը դրանք անվանել է «հիմար»:
«Բոլոր խոսակցություններն այն մասին, որ երիտասարդ կանայք պատվաստվելուց հետո անպտղության վտանգի տակ են, հիմար են: Դրա համար ոչ մի գիտական ապացույց չկա: Նորմալ չէ, որ 20-40 տարեկան կանայք վախենան պատվաստվելուց: Եվ պետության պարտքն է բացատրել՝ դիմելով գիտական տվյալներին, որ այդ մտավախություններն անհիմն են»,- ասել է Հայկ Վարդանյանը:
Խոսելով այն մասին, թե ժամանակի ընթացքում հիվանդության բնույթը փոխվել է, բժիշկը նշել է, որ հիվանդության ընթացքը նույնն է, բայց հնդկական նոր դելտա շտամը և անգլիական տարբերակն ավելի արագ են տարածվում:
Բժիշկը խոսել է նաև «Հառաչադեմ Հայաստան» կազմակերպությունը ստեղծելու սփյուռքահայ բժիշկների նախաձեռնության մասին: Դրա ստեղծման մասին հայտարարվել է սեպտեմբերի 28-ին, երբ համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել ծագումով հայ ամերիկացի, ֆրանսիացի և շվեդ բժիշկների միջև:
Հայկ Վարդանյանի խոսքով՝ այս նախաձեռնությունում չի ենթադրվում Հայաստանին օգնություն ցուցաբերել կորոնավիրուսի դեմ պայքարում, այն ուղղված է հետագա համագործակցությանը Հայաստանում ֆրանսիացի և ամերիկացի բժիշկների ներգրավմամբ, ներառյալ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հետվնասվածքային բուժումը և ֆիզիոթերապիան մարդկանց, որոնք տուժել են Արցախում վերջին պատերազմների ժամանակ: Նաև այս նախաձեռնության շրջանակներում հայ բուժանձնակազմը վերապատրաստում կանցնի Ֆրանսիայում: