«Նախարարի նոր հրամանով նախատեսվում է, որ գործատուները պահանջեն աշխատողներից 14 օրը մեկ կատարված թեստավորման բացասական արդյունքը հավաստող փաստաթուղթ կամ պատվաստման սերտիֆիկատ»,- անդրադառնալով այն հարցին, թե հոկտեմբերի 14-ից ուժի մեջ մտնող հրամանով ինչ են պարտավորվում գործատուներն ու աշխատողները՝ ասաց ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի պետ Ռոմելա Աբովյանը։
Նա ընդգծեց, որ կարգավորումը մշակվել և հաստատվել է միջազգային փորձի հիման վրա։
«Նման կարգավորում նաև Իտալիան է հոկտեմբերի 15-ից կիրառում, և փաստերը ցույց են տալիս, որ սահմանափակող միջոցառումները, միանշանակ, ունեն իրենց արդյունավետությունը և հույս ունենք, որ այս միջոցառումների արդյունքում մենք կկարողանանք կառավարել այս հիվանդությունը»,- նշեց Աբովյանը։
Պատվաստումային տեմպերն այժմ, ըստ նրա, բավականին ակտիվացել են։ «Կցանկանայի ևս մեկ հորդորով հանդես գալ բնակչությանը, որպեսզի պատվաստումներն իրականացվեն ոչ թե ելնելով սահմանված պահանջներից, այլ այն գիտակցությամբ, որ պատվաստումներն այն միակ գործիքն են, որոնք կարող են փրկել կյանքեր, և պատվաստումների արդյունքում մենք կարող ենք կառավարել այս իրավիճակը և ոչ թե իրավիճակը կառավարի մեզ։
«Այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ եթե պատվաստումների ընդգրկվածությունը բարձր է, բավականին նվազում է հիվանդացությունը»,- նշեց Ռոմելա Աբովյանը։