Հանրային վայրերը շուտով հնարավոր է՝ փակեն դռներն այն քաղաքացիների առջև, որոնք չեն ներկայացնի ՊՇՌ բացասական թեստի կամ կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու մասին հավաստագիր։
Այսպիսի հարց է քննարկվում առողջապահության նախարարությունում և ընդունելու դեպքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 1-ից։ Խոսքը մուտքի արգելքն է այնպիսի հանրային վայրեր, ինչպիսիք են բանկերը, պետական հիմնարկությունները, հանգստյան վայրերը, ռեստորանները և այլն։ Այս մասին Armenia Today-ի թղթակցին հայտնեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։
ԱՆ ներկայացուցիչը հայտնեց, որ նախագծի քննարկումը, պայմանավորված է համաճարակային ճգնաժամի սրմամբ, քանի որ առանց խստացումների արդեն անհնար է, հիվանդանոցներում չկան ազատ մահճակալներ, և հարյուրավոր վարակակիրներ սպասում են իրենց հերթին։ Խաչատրյանը չբացառեց, որ համաճարակային իրավիճակի առավել սրման հետևանքով որոշումը նշված ժամկետից էլ վաղ ընդունվի։
«Մենք գործ ունենք հանրային առողջապահական լուրջ խնդրի հետ, իրականում սրան միայն Հայաստանը չի, որ գնում է, ամբողջ աշխարհում է նույն վիճակը»,- ասաց Խաչատրյանը։ Նա նշեց նաև, որ այն երկրները, որոնք 60 և ավելի տոկոս պատվատվածություն են ապահովել, այդ արդյունքն են գրանցել այն բանի շնորհիվ, որ ՊՇՌ թեստ պահանջել են եռօրյա ժամկետը մեկ։
Մեր հարցին, թե գուցե այդ երկրներում թեստն անվճա՞ր է կամ ավելի մատչելի՞, ԱՆ խոսնակն ասաց․
«Ո՛չ, պետությունները հազիվ են կարողանում կորոնավիրուսով հիվանդներին անվճար բուժել, որոշ երկրներ արդեն անցել են վճարովի բուժման՝ մեզնից էլ շուտ»։
Մեր դիտարկմանը, թե սա ևս Հայաստանում հարցականի տակ է, քանի որ մեր ավելի վաղ կայացած զրույցում նախարարությունը հաստատել էր չպատվաստված քովիդվարակակիրներին վճարովի բուժելու նախագծի քննարկումը, որն արժե միջինում 800 000 ՀՀ դրամ, Խաչատրյանն ասաց, որ այդ որոշումը դեռ շարունաում են քննարկել։
ԱՆ մամուլի խոսնակը նաև հայտնեց, որ բացի այդ, չի բացառվում նաև աշխատող քաղաքացիներից 14 օրը մեկ պահանջվող ՊՇՌ թեստերի պարբերականության միջակայքը կրճատելու՝ 10 օր կամ 1 շաբաթ դարձնելու հարցը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից ԱՆ 65-Ն որոշմամբ՝ ՀՀ քաղաքացիներն աշխատավայր են ներկայացնում ՊՇՌ թեստի բացասական արդյունք ամեն 14 օրը մեկ, բացառություն են այն քաղաքացիները, ովքեր պատվաստված են կամ հակացուցում ունեն։
Նշենք, որ կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում լարված է մնում։ Նախորդ օրվա տվյալներով Հայաստանում կորոնավիրուսի 1054 դեպք է գրանցվել՝ հաստատված դեպքերի ընդհանուր քանակը հասցնելով 284237-ի, փաստացի բուժվում է 21339 մարդ։
Ինչ վերաբերում է պատվաստումներին, ապա հոկտեմբերի 17-ի դրությամբ կատարվել է 588 385 կորոնավիրուսային պատվաստում, որից առաջին դեղաչափ` 403431, երկրորդ դեղաչափ` 184954։
Արաքսյա Սնխչյան