Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, ԿԳՄՍ նախարարությունը հրապարկեց ընթացիկ ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամականացույցը, որից հետո տարածվեց տեղեկություն, թե աշնանային արձակուրդների (հոկտեմբերի 25-31) ավարտից հետո դպրոցները կանցնեն հեռավար ուսուցման։
Armenia Today-ը կապ հաստատեց Առողջապահության և ԿԳՄՍ նախարարությունների հետ՝ պարզելու լուրի իսկությունը։
Ինչպես հայտնեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը՝ նախարարության հրամանով կրթական հաստատությունները լոկալ հեռավար ուսուցմամբ են առաջնորդվում, այսինքն՝ եթե դպրոցական անձնակազմի և աշակերտների 10 և ավելի տոկոսը վարակված է կորոնավիրուսով, ապա դպրոցը 2 շաբաթով անցնում է հեռավար ուսուցման։ Հեռավարի նույն ժամկետն է սահմանված նաև այն դասարանների համար, որտեղ 2 և ավել աշակերտ վարակված է կորոնավիրուսով։ Ժամկետը լրանալուն պես դպրոցը կամ դասարանը վերադառնում է առկա ուսուցմանը։
Համաճարակային լարվածության պայմաններում, ինչպես Ան խոսնակը նշեց, նախարարությունն ընդունում է իրավիճակային որոշումներ, հետևաբար ոչինչ բացառել հնարավոր չէ։
«Հաշվի առնելով, որ Covid-19-ի ժամանակ Առողջապահության նախարարությունը իրավիճակային որոշումներ է կայացնում, իսկ առողջապահական համակարգը կարող է կաթվածահար լինել, ապա չի բացառվում, որ մի օր դիտարկվի ընդհանուր հեռավարի անցնելու տարբերակը»,- ասաց Հռիփսիմե Խաչատրյանը՝ նշելով, որ դա տեղի կունենա, եթե սովորողներին վերահսկելը բարդանա, մարդիկ շարունակեն չպատվաստվել ու տարածել վարակը։
Առանձին ուսումնական հաստատություններ արդեն անցել են հեռավար կամ մասնակի հեռավար ուսուցման։
Իսկ թե քանի՞ այսպիսի դպրոց կա այսօրվա դրությամբ՝ ճշտեցինք ԿԳՄՍ նախարարության հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանից։
Նրա խոսքով՝ նոր ստացած տվյալներով Երևանի 5 ավագ դպրոց, Գյումրիի մեկ դպրոցի 1 դասարան և Կապանի 2 դպրոցների մեկական դասարաններ անցել են հեռավար ուսուցման, սակայն դրանցից որոշները հնարավոր է՝ վերադարձած լինեն առկա ուսուցման, իսկ որոշ դպրոցներ դեռ նոր են պատրաստվում անցնել հեռավարի։
Ինչ վերաբերում է արձակուրդից հետո «դպրոցներ չվերադառնալու» լուրին, ապա նախարարության հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետը նշեց․
«Այսպիսի հարց դեռևս չենք քննարկվում, քանի որ իմաստը չենք տեսնում։ Վարակի տարածման հիմնական միջավայրը դպրոցը չէ։ Եթե մյուս հանրային վայրերն ամբողջովին բաց են, ապա դպրոցը փակելու և կրթական բնականոն ընթացքը խախտելն ավելորդ է»,- ասաց նա՝ հավելելով, որ իհարկե կա վարակի բարձր աստիճան, և այդպիսի հարցերը պետք է թողնել առողջապահության մասնագետներին, բայց միայն կրթօջախները փակելով հարցը չի լուծվի։
«Այսպես բացի կրթությունից ոչինչ չի տուժի»։
Նա հիշեցրեց, որ նախորդ ալիքների ժամանակ դպրոցները շուրջ մեկ տարով հեռավար են աշխատել, դրա հաջող փորձը գրանցված է միջազգային զեկույցներում, սակայն ևս մեկ անգամ ուսուցման այդպիսի ձև հավատարմագրելը կարող է խորացնել կրթական ճգնաժամը։ Ըստ նրա՝ լավագույն տարբերակը մասնակիորեն հեռավար-առկա փոխակերպմամբ ճգնաժամը հաղթահարելն է։
Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն էր սահմանված, որը մի քանի անգամ երկարաձգվելով տևեց մինչև սեպտեմբերի 11–ը։ Դպրոցներն իրենց դռները բացեցին 2020 թվականի սեպտեմբերի 14-ին։
Արաքսյա Սնխչյան