ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն անդրադարձել է կորոնավիրուսի պաշտոնական տեղեկատվությանը, ըստ որի՝ միայն այսօր Covid 19-ից 62 մահ է գրանցվել։
«Դիմում եմ, բոլոր այն մարդկանց, ովքեր վստահում ու հավատում են ինձ, հավատացեք, մեր ոչ համախմբված ցանկացած քայլ ավելի է բարդացնում առանց այդ էլ բարդ այս իրավիճակը։
Սիրելի քաղաքացիներ, այլընտրանք չունենք, և ստեղծված իրավիճակում պարտավոր ենք բոլորս համախմբված, միասնական հաղթահարենք Աշխարհին, այդ թվում նաև մեզ բաժին հասած այս աղետը։
Եվ այսպես, եկեք
• սառնասիրտ ու առանց խուճապի կատարենք պատկան մարմինների ցուցումները,
• հետևենք, առաջնորդվենք և ի գիտություն ընդունենք միայն հավաստի մասնագիտական տեղեկատվությանը,
• անկախ հայացքներից, տեսակետներից և տարակարծություններից համախմբվենք պետական լիազոր մարմնի շուրջ և կատարենք միայն բուժաշխատողների հորդորները:
Հավաստիացնում եմ ձեզ, որ մեր բժիշկները, բուժքույրները, մայրապետերը իրենց պարտքը կատարում են անմնացորդ և վստահ եմ, որ այս անգամ ևս հենց մեր Բուժաշխատողների ջանքերի շնորհիվ կհաղթահարենք մեզ բաժին հասած այս աղետը:
Գիտեմ, որ մեր Բուժաշխատողները իրենց գործի գիտակն են և իրենց մասնագիտական ճանապարհին հաղթահարել են բազմաթիվ ծանր փորձություններ:
Ուզում եմ, կրկին ևս մեկ անգամ հատուկ շնորհակալություն հայտնեմ, ինչպես միշտ իրենց պարտքն անվերապահորեն կատարող մեր Բուժաշխատողներին…Կեցցեք, դուք:
Բոլորիս առողջություն!!!
Տեղեկացնեմ նաև, որ «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Covid բաժանմունքում ներկա պահին բուժում է ստանում շուրջ 146 քաղաքացի
• Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 28 քաղաքացի,
• Ծանր վիճակում՝48 քաղաքացի։
Հավելեմ, որ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 76 քաղաքացներից միայն 1 քաղաքացի ունենք, ով պատվաստված է»։
Նա նաև հայտնել է, որ ներկա պահին, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է կորոնավիրուսով հիվանդ 16 երեխա։ Մուրադյանի խոսքով՝ փոքրիկներից 1-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում է, 7 բալիկի վիճակը գնահատվում է ծանր՝ թթվածնակախյալ են, և 8 երեխա գտնվում է կայուն վիճակում։ 18 մայրերի մոտ ևս հաստատվել է Covid 19։
«Վերակենդանացման բաժանմունքում՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Covid 19-ով հիվանդ 2 երեխաներից 1-ն արդեն տեղափոխվեց ստացիոնար բաժանմունք»,- հավելել է նա։