Դպրոցների աշնանային արձակուրդների երկարացումն ու բուհերի հեռավարի անցումը որոշակի դրական միտումներ են ցույց տալիս, հիվանդացության և վերարտադրողականության թվերի նվազում ունենք, ինչը կարձանագրվի հաջորդ շաբաթվա տվյալներում: Այս մասին կառավարության նոյեմբերի 4-ի նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Խոսելով պատվաստումների մասին` Ավանեսյանն ասաց.
«Ընդհանուր առմամբ իրակացվել է 852 355 պատվաստում, որից առաջին դեղաչափով պատվաստվել է 588 562 (29,4%), իսկ երկու դեղաչափով՝ 263 793(13%) մարդ»:
Նա նշեց, որ «Մոդեռնա» պատվաստանյութ ստանալուց հետո հրամանում փոփոխություն են կատարել, որի համաձայն՝ 12 տարեկանից բարձր երեխաները նույնպես հնարավորություն ունեն պատվաստվելու: Դա իրականացվում է ծնողների գրավոր համաձայնությամբ: Պատվաստվել է մոտ 50 երեխա:
Ինչ վերաբերվում է պատվաստված վարակակիրներին, ապա 3000 հոսպիտալացված հիվանդից 97-ն է պատվաստված:
Նախարարը նշեց, որ մահճակալային ֆոնդը գերլարված վիճակում է, թեև հոսպիտալացման սպասող քաղաքացիների թիվը մի փոքր նվազել է: Այնուամենայնիվ, մահճակալները ոչ մի րոպե ազատ չեն մնում և մեկօրյա ռեժիմով փորձում են տեղավորել հիվանդներին: Առկա է 3100-ից ավելի մահճակալ, այն հնարավորինս ավելացվում է որոշ պլանային վիրահատություններ հետաձգելու հաշվին: Իրականացվում է նաև թթվածնային մատակարարման ուղղությամբ աշխատանք, թթվածինը բավարար է բոլոր բժշկական կենտրոններին, սակայն գերծանրաբեռնված ռեսուրսներով է իրականացվում:
Նշենք, որ երեկ արձանագրվել է կորոնավւրուսի 2330 նոր դեպք, իրականացվել է 12188 թեստավորում, գրանցվել է 41 մահ: