Armenia Today-ի թղթակիցը կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Առողջապահության նախարարից հետաքրքրվեց, թե համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ հնարավո՞ր է նոր սահամանափակումներ լինեն։ Նշենք, որ կան տեղեկություններ, որ ռեստորաններ ու թատրոններ մուտքը հնարավոր կլինի միայն պատվաստման դեպքում։
Ի պատասխան մեր թղթակցի դիտարկմանը՝ նախարարը պատասխանեց․
«Հրամանի փոփոխության վերաբերյալ մեր կողմից ներկայացված արդեն այսօր շրջանառվելու է։ Մենք առաջարկելու ենք դեկտեմբերի մեկից աշխատատեղերում ներկայացվող PCR բացասական թեստերի համար նախատեսվող 14-օրյա ժամկետը դարձնել 7-օրյա։ Ձեր կողմից մատնանշված այդ առաջարկները ևս ներկայացված են ու կքննարկվեն»։
Անդրադառնալով մեր մյուս հարցին՝ կապված «Շտապօգնության» ծառայության վարորդների բողոքին, որոնք աշխատավարձի բարձրացում են պահանջում, նա նախ նշեց, որ մի քանի վարորդի կողմից է բողոք ներկայացվել։ Նա նշեց, որ կապի մեջ են քաղաքապետարանի իրենց գործընկերների հետ։
«Շտապօգնության ծառայությունն անխափան գործում է, մենք համակ ուշադրությամբ լսում ենք մեր բուժաշխատողների բոլոր խնդիրները, ու քննարկման արդյունքում փորձում ենք գտնել լուծումներ նաև աշխատավարձային ֆոնդը վերանայելու ուղղությամբ։ Այս տարվա բյուջետային միջոցների հաշվին պետք է կարողանանք իրականացնել դա»,- ասաց նախարարը։