Օրենքի առաջ բոլորը հավասար են, և բոլորը պետք է կրեն դիմակներ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով պաշտոնյաների՝ դիմակ չկրելու դեպքերին։
Նախարարի խոսքով՝ դիմակի կրումը ցանկությամբ չէ, քանի որ երկրում ունենք լարված համաճարակային իրավիճակ, և բոլորը պետք է հավասր կերպով ենթարկվեն օրենքի պահանջին։ Նախարարը նշեց, որ կապ չունի պաշտոնյա է, թե ոչ, եթե անձը խախտել է օրենքը, պետք է տուգանվի։
Լրագրողներն Անահիտ Ավանեսյանից հետաքրրքվեցին, թե ճիշտ են լուրերը, որ նա սանավիացիայով մարզեր է մեկնել։
Նախարարը հաստատեց շրջանառվող տեղեկությունները և մանրամամասնեց, որ գործուղվել է Սյունիք, հետագայում էլ, եթե անհրաժեշտություն լինի մասնագիտական թիմի հետ շտապ կերպով ուղևորվել հեռավոր մարզ, օգտագործվելու են բոլոր միջոցները։
«Քովիդի, թե այլ պարագայում, սանավիացիայի կողմից այն վիճակները, որոնք ենթադրում են դրա օգտագործում, հստակ նշված է։ Եթե օգտվել եմ, ուրեմն նպատակային եմ համարել»,- հավելեց նա։
Հիշեցնենք՝ մամուլում հրամապարակումների համաձայն՝ Անահիտ Ավանեսյանի այցելությունները Սյունիքի և Տավուշի մարզեր՝ սանավիացիայի ուղղաթիռով, պետբյուջեի վրա արժեցել են շուրջ 2 մլն դրամ: